Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն Բրյուսելում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նորանշանակ տեղակալ Ռոուզ Գոտեմյուլերին: Նախարարը գլխավոր քարտուղարի տեղակալին շնորհավորել է վերոնշյալ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել:
Վրաստանի Ներքին գործերի նախարարության տարածած տեղեկատվության համաձայն՝ հանդիպմանը խոսվել է ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման հարցերի շուրջ: ՆԱՏՕ-ի գլախավոր քարտուղարի տեղակալը բարձր է գնահատել Վրաստանի կողմից ազգային ամենամյա ծրագրի (ANP -Annual National Programme) իրականացումը: Տեղեկացնենք, որ փաստաթղթով իրականացվող բարեփոխումները նպատակ ունեն Վրաստանին առավելագույնս մոտեցնել ՆԱՏՕ-ի չափանիշներին։
Բրյուսելում եւս մեկ անգամ վերահաստատվել է, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Վրաստանում տեղի ունեցող բարեփոխումների ընթացքին:
Հանդիպմանը նաև քննարկվել է ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության հաջորդ տարվա օրակարգը, որը, կողմերի հավաստմամբ, ամրապնդում է դաշինքի հետ համագործակցությունն ու արագացնում ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման գործընթացը: