«Հնարավոր է, որ հետաքննություն սկսվի եւ Միխեիլ Սահակաշվիլին պատասխան տա, թե ինչու էր ֆինանսավորում ահաբեկիչներին»: Նման հայտարարություն է արել Վրաստանի տեղահանվածների և փախստականների վերաբնակեցման հարցերով նախարար Սոզար Սուբարին` անդրադառնալով Ստամբուլի օդանավակայանում օրեր առաջ իրականացված ահաբեկչությանը: Նշենք, որ Վրաստանում հարցի շուրջ աղմուկ է բարձրացել այն բանից հետո, երբ թուրքական մամուլը տեղեկատվություն տարածեց, որ ահաբեկչության ենթադրյալ կազմակերպիչը ծագումով Չեչնիայից` Ախմեդ Չատաևն է, ով Վրաստանում ձերբակալաված է եղել նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի իշխանության տարիներին: Վրացական մամուլը «Մեկձեռանի Ախմեդ» մականվամբ հայտնի Չատաևի մասին գրում է, որ նա ձերբակալվել է Լոպոտա կիրճի բախումների գործով, ազատ արձակվել, երբ իշխանության է եկել Վրացական երազանքը»:
Սուբարիի խոսքով` Չատաևի հետ կապված հետաքրքիր մանրամասներ են հայտնաբերել. «Պարզվում է` հայտնի այս ահաբեկիչը Սահակաշվիլիի գործակալն է, ում ֆինանսավորել է անձամբ Սահակաշվիլին` պարբերաբար փոխելով նրա անձնագրերը: Երբ նման հայտարարություն եմ անում, նշանակում է` համապատասխան գործակալություններում համապատասխան փաստաթղթերն առկա են: Հնարավոր է` այս հարցի շուրջ հետաքննություն սկսվի: Այդ ժամանակ, հետաքրիր են Սահակաշվիլիի պատասխանները»,- ասել է նախարարը` հավելելով, որ Սահակաշվիլին երբ Վրաստան ժամանի, «9-րդ վարչությունում հատուկ իր համար վերանորոգված սենյակում, պատասխան կտա հետեւյալ հարցին՝ ինչու էր համագործակցում ահաբեկիչների հետ և ֆինանսավորում նրանց»: