Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելավիլին իր՝ «Պահանջիր վրացականը» արշավի շրջանակներում այցելել է Սամցխե-Ջավախքի շրջանի մի քանի ձեռնարկություններ: Հիշեցնենք՝ 2017 թվանականի սկզբից մեկնարկած նախագահական արշավն ուղղված է երկրում տեղական արտադրանքի նկատմամբ հետաքրքրության խթանմանը: Այս կերպ նախագահը միացել է KAR. GE շարժմանը և լուսանկարիչ Գոգա Չանդարիի՝ «Գնիր վրացականը» նախաձեռնությանը, որոնց նպատակը ներքին շուկայում վրացական ապրանքի առևտրի ծավալների ավելացումն է:
Մարգվելաշվիլին այցելել է Փոկա գյուղում գործող Սուրբ Նինոյի անունը կրող կանանց մենաստան: Մենաստանի բնակչուհիները զբաղվում են վրացական բնական մթերքի արտադրությամբ՝ ջեմեր, մուրաբաներ, քաղցրավենիք, կաթնամթերք, ալկոհոլային խմիչք: Բացի այս ամենը, միանձնուհիները նաև ոսկյա զարդեր են պատրաստում: Նախագահը շրջել է տաճարին կից գործող փոքրիկ խանութում, ուր իրացվում է նշված արտադրանքը:
Մարգվելաշվիլին եղել է պանրի արտադրությամբ զբաղվող՝ «Georgian business zona» ընկերությանը պատկանող գործարանում, որը 2008-ին ստացել է ամերիկյան «Հազարամյակների մարտահրավերներ» կորպորացիայի գլխավոր մրցանակը:
Այսօր ընկերությունը 350 ֆերմերներից կաթ է մթերում, արտադրում մի քանի տեսակի պանիր, որոնց շարքում՝ ինչպես ավանդական վրացական, այնպես էլ պարմեզան և մոցարելլա: Նախագահին ներկայացվել են պանրի արտադրության ընթացքում հանդիպող հիմնական խնդիրները, ըստ ընկերության ախատակիցների՝ ամենադժվարը արտադրանքն իրացնելն է, սա էլ խանգարում է արտադրական գործընթացին:
Մարգվելաշվիլին խոստացել է այս հարցն ուսումնասիրել և քննարկման դնել բիզնես օմբուդսմենի հետ հերթական հանդիպման ժամանակ, քանի որ գրեթե բոլոր տեղական արտադրողներն ունեն այս խնդիրը, և ըստ նախագահի՝ անհրաժեշտ է հարցի լուծման համակարգային մոտեցում: