
«Վրաստանում կառավարությունն ու խորհրդարանը երկրի նախագահի ընտրության կարգը փոխելու որևէ քաղաքական դրդապատճառ չունեն»: Այս մասին հայտարարել է խորհրդարանի ղեկավար Իրակլի Կոբախիձեն՝ պատասխանելով նախագահական ընտրակարգի հնարավոր փոփոխման հետ կապված հարցին:
Կոբախիձեն նշել է, որ սահմանադրական հանձնաժողովը երկու նպատակ է սահմանել: Առաջինը այնպիսի մի ընտրական համակարգի ստեղծումն է, որն իրապես կնպաստի երկրի ժողովրդավարության երկարաժամկետ զարգացմանը: Երկրորդը վերաբերում է սահմանադրական սկզբունքների համապատասխանությանը, գրում է «interpressnews.ge»-ն:
«Նախագահին ուղիղ ընտրելու ընտրակարգին անցնելու կապակցությամբ սահմանադրական հանձնաժողովը քննարկումներ է ծավալում: Այս հարցն անցյալում չենք քննարկել: Փորձում ենք գտնել այն համակարգը, որն առավելագույնս կօժանդակի երկրի ժողովրդավարության զարացմանը»,- նշել է Կոբախիձեն: