
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին իշխող թիմին և սահմանադրական փոփոխությունների գործընթացում ներգրավված բոլոր քաղաքական կուսակցություններին խորհրդատվական հանդիպում է առաջարկում: Այս մասին սեպտեմբերի 27-ին հայտարարել է նախագահի մամուլի խոսնակ Էկա Միշվելաձեն: Խորհրդատվական հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին, ժամը 16:00-ին:
«Հունիսի 26-ին Վրաստանի խորհրդարանի մեծամասնության որոշմամբ ընդունվեց նոր Սահմանադրությունը: Այդ փաստաթղթի թերությունների մասին բազմիցս խոսել ենք: Փաստաթղթի մշակման փուլում նրա խնդիրների մասին խոսում էր ոչ միայն նախագահը, այլ նաև բոլոր ընդդիմադիր կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները:
Հաշվի առնելով, որ նախագահի նպատակը միշտ եղել է Սահմանադրության ընդունումը համընդհանուր համաձայնության սկզբունքով, պետական շահերից ելնելով, Վրաստանի նախագահը՝ գնալով ընդառաջ իշխող թիմի խնդրանքին, սահմանադրական փոփոխությունների գործընթացում ընդգրկված բոլոր կողմերին վաղը ժամը 16:00-ին հրավիրում է խորհրդատվական հանդիպման՝ նախագահական նստավայրում»,- նախագահի խոսքերն է փոխանցել Միշվելաձեն: