Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին «Սահմանադրությունը բոլորինն է» քարոզարշավն այսօր սկսել է Թելավիից: Ինչպես տեղեկացրել է նախագահի աշխատակազմը, Գիորգի Մարգվելաշվիլին աշխատակազմի ներկայացուցիչների եւ քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ քարոզարշավի շրջանակներում հանդիպումներ կանցկացնի Թելավիի պետական համալսարանում եւ ժողովրդավարական ներգրավվածության կենտրոնում: Երկրի նախագահը կծանոթանա ուսանողների եւ հանրության տարբեր խմբերի՝ սահմանադրության մեջ փոփոխության ենթակա կետերի վերաբերյալ կարծիքներին:
«Մենք կարծում ենք, որ քարոզարշավը կնպաստի սահմանադրական հանձնաժողովին, երբ այն կսկսի միացյալ ժողովրդական քննարկումները: Այս գործընթացում առավել ակտիվորեն կներգրավվեն Վրաստանի քաղաքացիները»,- հայտարարել է նախագահի աշխատակազմի ղեկավար Գիորգի Աբաշիշվիլին:
«Սահմանադրությունը բոլորինն է» քարոզարշավը ենթադրում է փոփոխությունների քննարկման գործընթացում ընդհանուր ժողովրդական ներգրավվածություն՝ մինչեւ երկրի գերագույն օրենքի հաստատումը: Նախագահը քարոզարշավի շրջանակներում ծրագրում է այցելել բոլոր մարզերը: Հիշեցնենք՝ քարոզարշավին դեմ էր հանդես եկել Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն: Նրա գնահատմամբ՝ սահմանադրական փոփոխությունների հարցի շուրջ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի սկսած արշավը «դեմ է հանդես գալիս երկրի խորհրդարանին, ևս մեկ անգամ ցույց է տալիս սահմանադրական փոփոխությունների հանձաժողովի նկատմամբ նրա անհարգալից վերաբերմունքը»: