Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերից հայտնել է, որ պատրաստվում է վերադառնալ Վրաստան և զբաղվել Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավով:
«Թող որեւէ մեկը կասկած չունենա, կամ սա դիտարկի որպես սպառնալիք, սա բնականոն զարգացում է: Ես ծրագրում եմ Վրաստան վերադառնալ, մտադիր եմ ակտիվորեն ներգրավվել քաղաքական գործընթացներում: Մենք շատ բան ենք արել Ուկրաինայի համար, սա ինձ համար նույն պայքարի երկու բաղադրիչներ են: Ես մտադիր եմ շարունակել իմ պայքարը, ինչպես Ուկրաինայում, այնպես նաեւ իմ տանը` Վրաստանում»:
Նախկին նախագահը 2013 –ի նոյեմբերից Վրաստանում չի եղել, իսկ 2014-ին Սահակաշվիլիի` նախնական կալանքի որոշում է ընդունվել: Միխեիլ Սահակաշվիլին հերքում է «Միացյալ ազգային շարժման» հետ իր լարված հարաբերություններ ունենալու մասին լուրերը: Նա վերահաստատում է այն, որ ինքը կուսակցության հինմնադիր առաջնորդն է: Սահակաշվիլին նաև քննադատել է Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին` Վրաստանի քաղաքականության վրա նրա մեծ ազդեցության համար, չնայած այն իրողությանը, որ վերջինս պաշտոնապես հեռացել էր քաղաքականությունից:
Բաթումիի տեխնոլոգիական ինստիտուտի նախագծի մասին խոսելով` Սահակաշվիլին ասել է. «Նուրբ, բայց ամուր նախագծերից մեկը, որը ես առաջարկել եմ Իվանիշվիլիին, տեխնոլոգիական համալսարանի ծրագիրն էր, ինչին նա բացասական պատասխան տվեց: Ավելի ուշ, իմ ընկեր Հիլարի Քլինթոնի հետ բազմաթիվ զրույցների արդյունքում մենք ԱՄՆ-ից 140 մլն դոլար ձեռք բերեցինք: Մենք կառուցեցինք այդ շենքը` ավելի քան 100 մլն դոլար գումարով, իսկ նրանք այն վաճառեցին 25 միլիոնով: Նրանք յուրացրին գումարները, 2013-ին համալսարանը պետք է ընդուներ իր առաջին ուսանողներին, ուներ գործընկերներ, մանկավարժներ, հավատարմագրված էր: Այժմ նրանք ասում են, թե պատրաստվում են կառուցել այն, այսինքն նա մեզ հիմարի տեղ է դնում»:
Նախկին նախագահը Իվանիշվիլիին մեղադրում է նաև Վրաստանի Էկոնոմիկայի նախկին նախարար Կախա Բենդուկիձեի մահվան մեջ: Վերջինս մահացել է 2014-ին` սրտի կաթվածից. «Նա սպանեց Բենդուկիձեին, ես մինչև նրա վերջին շունչը կապ ունեի իր հետ, գիտեմ, որ Իվանիշվիլին նրան ասում էր` ես քեզ բանտ կնստեցնեմ, կհայտնվես 4 քմ-անոց խուցում, չեմ թողնի նույնիսկ լվացվես: Գիտեմ, որ Կախան դա ծանր տարավ, նրա նյարդերն իմի նման ուժեղ չէին, մեծ հայրենասեր Բենդուկիձեին, ով ամեն ինչ արել է հանուն Վրաստանի, մահվան հասցրեց Իվանիշվիլին»,- հայտարարել է Սահակաշվիլին:
Հիշեցնենք, որ այս պահին Վրաստանի նախկին նախագահին քրեական պատասխանատվություն է սպասվում` պաշտոնական լիազորությունները չարաշահելու, 2007-ի նոյեմբերի 2-ի բողոքի ցույցերի և արշավների, իր քաղաքական հակառակորդ մեծահարուստ Բադրի Պատարկացիշվիլիին և այլ ակտիվիստներին պատկանող` ընդդիմադիր «Իմեդի» հեռուստաընկերության` ապօրինի ճանապարհով օտարման մեղադրանքներով: