
Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլին ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Կերիի հետ հեռախոսազրույցում ասել է, թե Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության ետևում կանգնած են Ֆեթուլլա Գյուլենի ահաբեկիչները, և այս փաստը հայտնի է ինչպես Թուրքիային, այնպես էլ Ռուսաստանին:
Անկարայի դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ՝ հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Ջոն Կերին ասել է, որ Ամերիկան վշտացած է ռուս դիվանագետի մահվան առիթով: Կողմերը նաև սիրիական հարցն են քննարկել:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին, Թուրքիայում, ժամանակակից արվեստի պատկերասրահում կրակել են Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի վրա: Դիվանագետին հիվանդանոց էին տեղափոխել, սակայն բժիշկներին չէր հաջողվել փրկել նրա կյանքը: Հարձակման հետևանքով վիրավորվել էր ևս 3 անձ: