Թբիլիսիի Դեմիրելի անվան քոլեջի նախկին ղեկավար Մուստաֆա Էմրե Չաբուքը ներգրավվել է պաշտպանության պետական ծրագրի մեջ, այս մասին «Ինտերպրեսնյուս»-ի հետ զրույցում հայտնել է Չաբուքի փաստաբան Իոսեբ Բարաթաշվիլին:
Փաստաբանը միայն նշել է, որ Չաբուքն ընտանիքի հետ է ապրում և հրաժարվել է հավելյալ տեղեկություններ տրամադրել։
«Մուստաֆա Էմրե Չաբուքը, ինչպես նաեւ նրա ընտանիքի անդամերը, նեգրավված են պաշտպանության հատուկ ծրագրում: Բավարարվել է նրա դիմումը եւ նա արդեն պետական պաշտպանություն ունի»,- ասել է փաստաբանը:
Նշենք, որ փետրվարի 19-ին վերսկսվել էր Չաբուքին Թուրքիա արտահանձնելու գործով դատական նիստը: Դատարանը բավարարել է տասը հազար լարի գրավի դիմաց նրան ազատ արձակելու մասին դատախազության միջնորդությունը եւ ազատ արձակել։
Հիշեցնենք, որ Չաբուքի ղեկավարած քոլեջը փակվել էր պաշտոնական Անկարայի պահանջով, քանի որ կապվում էր Ֆեթուլահ Գյուլենի անվան հետ, ով ըստ թուրքական իշխանությունների՝ 2016-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի հետևում է կանգնած։