Ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիի կինը` Լեյլա Մուստաֆաևան Վրաստանի դատախազությունից պահանջում է իրեն և իր ամուսնուն տուժողի կարգավիճակ տալ:
Մուստաֆաևան արդեն պաշտոնական դիմում է ներկայացրել: Նա վստահ է, որ տեղի ունեցածն իր և ամուսնու համատեղ լրագրողական գործունեության հետևանքն է, ուստի չի բացառում, որ ամուսնու՝ Աֆգանի հետ, իրեն էլ առևանգեին:
«Ցավոք, դատախազությունը մեր պահանջներին պատասխան չի տվել: Իմ ամուսնու պնդմամբ` նրան առևանգել են քրեական ոստիկանության ներկայացուցիչներ և այս փաստը ոստիկանությունը քննում է: Ակնհայտ շահերի բախում է, այդ պատճառով գործը պետք է փոխանցվի դատախազությանը: Դեռևս ոչինչ չգիտենք հետաքննության ընթացքի մասին: Վստահ եմ, որ փաստերը կեղծելու են: Հետաքննության ամբողջ պատասխանատվությունը կրում են վարչապետը և ուժային կառույցների նախարարները: Այսօր իմ փաստաբանը ինձ և ամուսնուս տուժող ճանաչելու պահանջով դիմում է ուղարկել դատախազություն: Եթե մեզ չճանաչեն որպես տուժող, ապա ինչի՞ս է պետք անձնական անվտանգությունը, որն առաջարկում է վրացական կողմը»,- հայտարարել է Մուստաֆաևան:
«Ռուսթավի 2»-ի տեղեկացմամբ՝ որոշում կայացնելու համար դատախազությունը 48 ժամ ունի: