Ադրբեջանցի լրագրող և ակտիվիստ Աֆգան Մուխթարլիի Թբիլիսիում անհետանալու և այնուհետև Ադրբեջանում ձերբակալվելու փաստը շարունակում է հանդիսանալ վրաստանյան լրատվամիջոցների գրեթե ամենակարևոր թեման:
Այս աղմկահարույց դեպքից հետո վարչապետ Կվիրիկաշվիլին դիմեց նախագահին, ով համաձայնեց Մուխթարլիի ընտանիքին Վրաստանի քաղաքացիություն շնորհել, ինչից, սակայն Մուխթարլիի կինը՝ Մուստաֆաևան, հրաժարվեց, միևնույն ժամանակ ընդդիմադիրները դեպքի առթիվ նոր վարկած առաջ քաշեցին:
Ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Գիվի Թարգամաձեն տեղի ունեցածը կապում է Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի մորաքրոջ տղայի` Ուչա Մամացաշվիլիի անձնական շահերի հետ:
Թարգամաձեի խոսքերով, ադրբեջանցի մի գործարար, ով միջազգային իրավունքի հետ խնդիրներ ունի, Ուչա Մամացաշվիլիի գործընկերն է: Պատգամավորի հայտարարության համաձայն` հենց իրենց շահերից է բխում Մուխթարլիին ադրբեջանական իրավապահներին փոխանցումը:
«Ուչա Մամացաշվիլիի գործընկերը, ով վերջին ժամանակներում խնդիրներ ունի միջազգային իրավունքի հետ, մտածել է, որ նման քայլով նվեր կանի իր ղեկավարներին և խնդրել է Ուչա Մամացաշվիլիին, որպեսզի վերջինս օգնի՝ լրագրողին որևէ կերպ հասցնել Ադրբեջանի տարածք: Մամացաշվիլին հանդիպել է պետական անվտանգության ծառայության պետ Վախթանգ Գոմելաուրիին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Գոմելաուրիի օգնական Սոսո Գոգաշվիլին, ում էլ վստահվել է ղեկավարել այս հատուկ գործողությունը։ Գործողությունն իրականացրել է ՊԱԾ-ի հատուկ ջոկատի ղեկավար Զուրա Խարազիշվիլին»,- հայտարարել է Թարգամաձեն:
Պատգամավորը նաև հավելել է, թե Վրաստանի վարչապետը տեղյակ է եղել այս ամենի մասին:
Իր հերթին վարչապետ Կվիրիկաշվիլին, տևական լռությունից հետո` հունիսի 3-ին, հատուկ ճեպազրույց էր հրավիրել, որտեղ նախագահին խնդրել էր բացառության կարգով, հնարավորինս կարճ ժամկետներում, քաղաքացիություն շնորհել Մուխթարլիի ընտանիքին, ովքեր արդեն 2 տարի է բնակվում են Վրաստանում: Մուխթարլիի կինը, սակայն, հրաժարվեց քաղաքացիությունից, իսկ օրերս հայտարարել էր, թե վրացական կողմը հրաժարվել է իրենց կեցության թույլտվությունը երկարաձգել: Նա գտնում է, թե` «այս առաջարկն ընդամենը շոու է»:
«Հիմա ինչ-որ բան է փոխվե՞լ: Այլևս վտանգավոր չե՞մ: Մեծ խնդրանք ունեմ լրագրողների առևանգման լուրից շոու մի սարքե՛ք, ավելի լավ է իրավապահները գործը քննեն ինչպես հարկն է»,- հայտարարել է Մուստաֆաևան և հավելել, որ պատրաստվում է մնալ Վրաստանում, որպեսզի հետևի ամուսնու շուրջ տեղի ունեցող զարգացումներին:
Ավելի վաղ` հունիսի 3-ին, Վրաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Շալվա Խուցիշվիլին հանդիպել էր Լեյլա Մուստաֆաևային և նրա փաստաբանին: Փոխնախարարը Մուստաֆաևային առաջարկել է անվտանության լրացուցիչ երաշխիքներ:
Վրաստանի փոխվարչապետ, կրթության և գիտության նախարար Ալեքսանդրե Ջեջելավան շարունակում է հայտարարություններ անել գործի վերաբերյալ, որոնք հաճախ նմանվում են Ադրբեջանի պաշտոնական հայտարարություններին: Ջեջելավան կարծում է, թե Բաքվում հետապնդվող լրագրողը ցանկացել է Վրաստանից ապօրինաբար Ադրբեջան գնալ և այդ ժամանակ էլ ձերբակալվել է:
Մուխթարլիի փաստաբան Նեմաթ Քարիմլիի խոսքերով, Մուխթարլին ասել է, թե իր առևանգման գործընթացում ներգրավված են եղել Վրաստանի ոստիկանության քրեական բաժնի 3 աշխատակից և մեկ քաղաքացիական հագուստով անձ:
Ըստ փաստաբանի, մինչև Ադրբեջանի սահմանը հատելը, Մուխթարլիին 3 անգամ տեղափոխել են տարբեր ավտոմեքենաներ:
«Առաջին ավտոմեքենայով անցել են Բարաթաշվիլիի փողոցը, Հավլաբար թաղամասով, 300 Արագվելիով դեպի Թբիլիսիի միջազգային օդանավակայան տանող ճանապարհ: Այնուհետև, մինչև Ադրբեջանի սահման, այլ վրացախոս անձանց հետ նստեցվել է այլ մեքենա: Սահմանը հատել են ոչ թե Վրաստան- Ադրբեջան քաղաքացիական, այլ «Լագոդեխի» անցակետով»,- փոխանցել է փաստաբանը:
Մինչ զարգացումները շարունակվում էին Աֆգանլիի շուրջ, Վրաստանում բնակվող մեկ այլ ադրբեջանցի ակտիվիստ Վադիդ Իսկանդերլին հայտարարել է հունիս 3-ին իր դեմ տեղի ունեցած հարձակման մասին:
«Մոտավորապես 16:30-ի սահմաններում տնից դուրս եկա, իջա աստիճաններով որտեղ ինձ արդեն երկու մարդ էր սպասում: Նրանցից մեկին ճանաչեցի, ադրբեջանցի է և այս տարվա փետրվարին արդեն իսկ հարձակվել էր վրաս: Այդ պատճառով ետ վազեցի: Վազեցին հետևիցս, սակայն հասցրեցի տուն մտնել»,- պատմել է Իսկանդերլին:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունն ուսումնասիրում է հարցը: Նախարարության փոխանցմամբ` Վադիդ Իսկանդերլին հարցաքննվել է և պարզվել է, թե հարձակում չի եղել:
Աֆգան Մուխթարլին առաջին ադրբեջանցին չէ, որ վերջին ժամանակներում խնդիրներ է ունեցել Վրաստանում: Netgazeti.ge պարբերականը ներկայացնում է մի քանի դեպք, որոնք տեղի են ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիների մասնակցությամբ:
Ադրբեջանցի լրագրող Գյունել Մևլուդը և իր ամուսինը մի քանի տարի ապրել են Վրաստանում, սակայն, Վրաստանի իշխանությունների որոշմամբ, երկրում անվտանգության սպառնալիք են դիտարկվել և բնակության փաստաթուղթ չեն ստացել: Գյունել Մևլուդը և իր ընտանիքը ստիպված են եղել լքել Վրաստանը՝ դեսպանատներից մեկի օգնությամբ: Նման իրավիճակում են նաև Վրաստանում բնակվող ադրբեջանցի այլ ակտիվիստներ:
Բաթումիում դադարեցվել է «Շահինի» դպրոց-վարժարանի գործունեությունը, ինչը տեղի է ունեցել, երբ Բաթումիում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը հայտարարել է, թե դպրոցը պատկանում է Ֆեթուլլահ Գյուլենի հետևորդներին: Մուխթարլիի գործով պաշտոնական Բաքվի
հայտարարությունները կիսող Վրաստանի կրթության և գիտության նախարարն այս հարցին անդրադառնալով հայտարարել էր, թե դպրոցում խախտումներ են գրանցվել: Միևնույն ժամանակ, Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել էր, թե դպրոցի փակման պատճառը կարող է նաև քաղաքական լինել, իսկ թուրքական «Հյուրիեթ» թերթը գրել էր, որ Գյուլենի հետ կապված դպրոցների փակման վերաբերյալ Թուրքիայի իշխանությունները բանակցություններ են վարում տասնյակ երկրների ղեկավարների հետ:
Դաշգին Աղալարլին Ադրբեջանի իշխանությունների կողմից հետապնդվող ընդդիմադիր է, ով մոտ 2
տարի ապրում է Վրաստանում: Երկրի վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ Աղալարլին պետք է լքի Վրաստանը: Երկրի վերաքննիչ դատարանն ընթացիկ տարվա մարտի 21-ին բավարարել է Վրաստանի փախստականների և վերաբնակեցման նախարարության հայցը, որով հրաժարվել են ադրբեջանցի ընդդիմադիրին ապաստան տալ Վրաստանում:
Թուրքիայի խնդրանքով Վրաստանում ձերբակալել են Թուրքիայի քաղաքացի Սինան Սարաչին: Վերջինիս փաստաբանի խոսքերով, Սարաչն ընտանիքի հետ Վրաստանում ապրում է 2016 թվականից և զբաղվում է բիզնեսով: Սարաչը ստիպված է եղել հեռանալ Թուրքիայից, քանի որ, ըստ նրա փաստաբանի, իր վրա ճնշումներ են եղել: Նա մեղադրվում է զինված խմբի անդամ լինելու մեջ, սակայն փաստաբանը պնդում է, որ տվյալ կազմակերպությունը զինված խումբ է համարվում միայն Թուրքիայի իշխանությունների կողմից:
Թուրքիայի խնդրանքով Վրաստանում ձերբակալվել է նաև «Դեմիրելի» քոլեջի մենեջեր Մուստաֆա Էմրե Չաբուքը: Նա մեղադրվում է ահաբեկչության խրախուսման մեջ: Չաբուքը հերքում է առաջադրված մեղադրանքը և հայտարարում, որ քաղաքական հետապնդման զոհ է: Այժմ նա գտնվում է նախնական կալանքի տակ, իսկ Վրաստանը պետք է որոշի, փոխանցու՞մ է Թուրքիային, թե` ոչ:
Ցիանիդի գործով մեղադրյալ Գիորգի Մամալաձեի եկեղեցական ծառայությունն առկախվել է մինչեւ հետաքննության ավարտը: Ինչպես «Ինտերպրեսնյուս» լրատվականին տեղեկացրել են Բաթումիի եւ Լազեթիի թեմից, հանցագործության հաստատման դեպքում Գիորգի...