Ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիի կինը` Լեյլա Մուստաֆաևան, հանդիպել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին:
Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Մուստաֆաևան ասել է, որ շնորհակալ է նախագահին իր անաչառ դիրքորոշման համար: Մուխթարլիի կնոջ խոսքերով, հանդիպմանը խոսել են գործին վերաբերող մի շարք հարցերի շուրջ:
«Այսօր հնարավորություն եմ ունեցել խոսել նաև Աֆգանի հետ: Նրա առողջական վիճակը լավ չէ, սակայն հանգստացրեց ինձ՝ հավատալով, որ ամեն ինչ լավ է լինելու»,- տեղեկացրել է Մուստաֆաևան:
Վերջինիս խոսքերով, ի տարբերություն նախագահի, Վրաստանի կառավարությունն ու վարչապետը արժանի չեն շնորհակալության, «քանի որ նրանք ոչ թե վրաց ժողովրդին, այլ Ալիևի ռեժիմին են ծառայում»:
Նա նաև հավելել է, որ Աֆգան Մուխթարլին չի պատրաստվում ընդունել Վրաստանի քաղաքացիություն: Մուսաֆաևան ավելի վաղ հայտարարել էր, որ իր ընտանիքը հրաժարվում է քաղաքացիություն ստանալու Վրաստանի իշխանությունների առաջարկը։