Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Միխեիլ Գիորգաձեն արձագանքել է վրաստանյան դերասանների աշխատավարձերի հետ կապված սկանդալին:
Նախօրեին նախարարությունն իրենց ենթակայությամբ գործող թատրոնների դերասանների միջին աշխատավարձի մասին տեղեկատվություն էր տարածել: Շատ քաղաքացիներ ցնցված են կինոյի և թատրոնի հայտնի վրաց դերասան Զուրաբ Կիպշիձեի աշխատավարձով՝ 400 լարի, սա մեծ արձագանք ստացավ հանրային տարածքում, սոցցանցերի շատ օգտատերեր գրել են, թե մշակույթի նախարարությունը փորձում է ծախսերը կրճատել դերասանների հաշվին:
Նախարարն ասել է, թե օպտիմալացման արդյունքում նվազել են ոչ միայն թատրոնի աշխատակիցների աշխատավարձերը, ընդհանուր բյուջեն կրճատվել է 20%-ով:
«Ես ցավում եմ, որ այս ամբողջ թեման մեկ մարդու՝ պարոն Զուրաբ Կիպշիձեի շուրջ է: Եթերից ասվեց, թե նա փաստացի կիսաքաղցած է՝ 400 լարիի պատճառով: Պարոն Զուրաբն ավելի շատ աշխատավարձ է ստանում՝ ինչպես Մարջանիշվիլի, այնպես էլ Թումանիշվիլի թատրոններում: Բացի այդ, Կիպշիձեն հանրային հեռարձակող ընկերության առաջին ալիքի հաղորդավար է»,-ասել է Գիորգաձեն:
Նախօրեին հրապարակված փաստաթղթի համաձայն՝ Թբիլիսիի 12 թատրոնների աշխատակիցների միջին աշխատավարձը 836 լարի է, դերասաններինը՝ 973 լարի: Այլ պատկեր է շրջանային թատրոններում՝ աշխատակիցների միջին աշխատավարձը 476 լարի է, դերասաներինը՝ 462 լարի: