Ռուսթավելիի պողոտայում՝ խորհրդարանի նախկին շենքի դիմաց կազմակերպված ակցիայի մասնակիցները փակել են ճանապարհը՝ չենթարկվելով ոստիկանության հրահանգներին: Կազմակերպիչների հայտարարությամբ՝ ակցիայի մասնակիցների քանակը բավական է ճանապարհը փակելու համար:
Ոստիկանության ներկայացուցիչները հայտարարել են, որ մասնակիցները կարող են ակցիան անցկացնել մայթում. չնայած հրամանին՝ բողոքողները փակել են սկզբում ճանապարհի մի հատվածը, հետո Ռուսթավելիի պողոտան: Գոյություն ունեցած տեղեկատվության համաձայն՝ ոստիկանության հետ առճակատման արդյունքում ձերբակալված է ակցիայի մի քանի մասնակից:
Ինչ վերաբերում է «մի սպանիր ինձ» խորագրով ակցիայի նախաձեռնող Զազա Սարալիձեին, վերջինս լքել է ակցիայի մասնակիցներին և այս պահին գտնվում է տանը. Այս մասին հայտարարել է Զվիադ Կուպրաձեն:
Թբիլիսիի Վակե՝ հաղթանակի այգում կազմակերպված ակցիայի ընթացքում Սարալիձեին առաջարկել են «հեռանալ Միացյալ ազգային շարժում ընդդիմադիր կուսակցության կողմից ընթացող ակցիայից և միանալ ժողովրդին»:
«Ես գիտեմ իմ որոշումը, այլևս որևէ ժողովրդի կարիք չունեմ: Այս պայքարում ես միայնակ եմ մնում»,- հայտարարել է Սարալիձեն Վակեի այգում և հեռացել: Նրա խոսքով՝ ո՛չ խորհրդրարանի նախկին շենքի տարածքում, ոչ էլ՝ Վակեի այգում միասնություն չի տեսել:
Չնայած Սարալիձեի բացակայությանը՝ խորհրդարանի նախկին շենքի դիմաց ակցիան շարունակվում է:
Ընթացող ակցիային միացել են «Միացյալ ազգային շարժում», «Եվրոպական Վրաստան» կուսակցությունները, ինչպես նաև ՀԿ-ներ և հասարակական գործիչներ: Վրաստանի իշխանությունների հայտարարությունների համաձայն՝ ՄԱՇ-ն ակցիաներն օգտագործում է սեփական օրակարգի շահերի համար:
Այսպես՝ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ բողոքի ալիքը վերածվել է կուսակցական ակցիայի: Նրա գնահատմամբ՝ ակցիան մեկնարկել է դատավճռին ծանոթանալուց հետո՝ հասարակության արձագանքից, շարունակվել է, սակայն, ՄԱՇ-ի ղեկավարմամբ:
Ինչ վերաբերում է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին, ում մայիսի 31-ին ընթացող ակցիայի ընթացքում ելույթ ունենալու հնարավորություն չէին տվել, շշեր էին նետել վարչապետի վրա և ստիպել հեռանալ տարածքից, իսկ այսօր՝ հունիսի 3-ին վարչապետը հայտարարել է, որ անկայունություն ստեղծելու հնարավորություն ոչ ոքի չի տա. «Ծայրահեղական խմբերը փորձում են անկայունության զգացողություն ստեղծել և կիրառում են սխալ քաղաքական պահանջներ»,- «Վրացական երազանք» իշխող կուսակցության գրասենյակում տեղի ունեցած քաղխորհրդի նիստից հետո հայտարարել է Կվիրիկաշվիլին:
Հարցին անդրադարձել է նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը: Տարածած հայտարարության մեջ կուսակցության անդամները Ռուսթավելիի պողոտայում անցկացվող ակցիաները որակել են ոչ արդարացի. «Ազատ դեմոկրատները» չեն միանա ակցիային, քանի որ այն «ՄԱՇ-ն օգտագորում է իր օրակարգն իրականացնելու նպատակով»:
Հիշեցնենք, Թբիլիսիի թիվ 51 հանրային դպրոցի բարձր դասարանների աշակերտների մասնակցությամբ անցյալ տարի՝ 2017-ի դեկտեմբերի մեկին տեղի էր ունեցել զանգվածային ծեծկռտուք։ Դանակի բազմաթիվ հարվածներից մահացել էր 51 դպրոցի 11-րդ դասարանի երկու աշակերտ։ Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Էկա Արեշիձեն 10 տարի 6 ամսվա ազատազրկման է դատապարտել անչափահաս Լևան Դադունաշվիլիի սպանության մեջ մեղադրվող անչափահաս Գ. Բ.-ին: Որոշման համաձայն՝ 9 տարի 6 ամսվա ազատազրկման է դատապարտվել նաև անչափահաս Դավիթ Սարալիձեին ծանր պայմաններում սպանության փորձի մեջ մեղադրվող անչափահաս Գ. Ջ.-ին: Թբիլիսիի քաղաքային դատարանը դատավճիռը կայացրել էր մայիսի 31-ին, վերջնական դատավճիռը հրապարակել հունիսի 1-ին:
Դատարանի որոշումը լուրջ բողոքի պատճառ է դարձել և առավոտից Թբիլիսիում անչափահաս զոհերի հարազատները հազարավոր աջակիցների հետ բողոքի ակցիաներ են անցկացնում՝ պահանջելով արդար դատավճիռ կայացնել։
Ավելի վաղ ցուցարարները պահանջում էին գլխավոր դատախազի հրաժարականը, ինչը և տեղի ունեցավ հասարակության ճնշումների ներքո. մայիսի 31-ին գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն հրաժարական է տվել: