Վրաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ միջազգային հանրությունը դատապարտում է Վրաստանի կողմից չվերահսկվող Ցխինվալիում անցկացված հանրաքվեն, ինչպես նաև նախագահական ընտրությունները: Հարավային Օսիան Ալանիայի հանրապետություն վերանվանելու մասին հանրաքվեն նախագահի ընտրությունների հետ համատեղ անցկացվեց ապրիլի 9-ին, ըստ նախնական արդյուքների՝ ընտրություններում հաղթել է Ցխինվալիի խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբիլովը՝ հավաքելով ձայների կեսից ավելին: Հանրաքվեի մասնակիցների ավելի քան 75%-ը համաձայնություն է տվել Ալիանիա անվանմանը:
Հանրավքեն և ընտրությունները դատապարտել են ԵՄ-ը, ՆԱՏՕ-ն, ԱՄՆ-ի պետդեպարտամենտը: ԵՄ-ի տարածած պաշտոնական հայտարարությունում ասվում է, որ ԵՄ-ն չի ընդունում ընտրությունների և հանրաքվեի արդյունքերը, կողմ է Վրաստանում կոնֆլիկտի խաղաղ ճանապարհով լուծմանը, այդ թվում Ժնևյան բանակցությունների և ԵՄ-ի մոնիթորինգի առաքելության միջամտությամբ: ԱՄՆ-ի պետդեպարտամենտն իր հերթին ընտրությունները որակել է ոչ լեգիտիմ, հայտարարել, որ ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը՝ նշելով, որ Աբխազիան և Հարավային Օսիան Վրաստանի անբաժանելի մասն են:
Հարավային Օսիայի հանրաքվեն և ընտրությունները դատապարտել են նաև Ադրբեջանի, Ուկրաինայի, Չեխիայի, Լիտվայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի արտաքին գերատեսչությունները: Պաշտոնական Թբիլիսին մեկ անգամ չէ, որ հայտարարել է այս տարածաշրջանում ընտրությունների ոչ լեգիտիմության մասին։ Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին զգուշացրել է, որ Ռուսաստանի դաշնությունը այդ տարածքում գործում է ղրիմյան սցենարով, իսկ վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ասել է, թե Վրաստանի հնագույն շրջանի անվանափոխման հանրաքվեն հետագա բռնակցման համար հող է նախապատրաստում: