Վրաստանը միջազգային ասպարեզում ռազմավարական տեսանկյունից այնքան կարեւոր երկիր չէ, ինչպես մենք ենք կարծում: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախկին նախարար, Մթածմինդա թաղամասի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին` «Կվիրիս պալիտրա» թերթի հետ զրույցում: Զուրաբիշվիլիի խոսքով` այսօր «Վրացական երազանքն» ունի խնդիրներ եւ բազմաթիվ թերություններ, չնայած մի բան պարզ է՝ «Այսօր մեղավոր (հանցագործ) կառավարություն չունենք:
«Ցավալի է, որ «Միացյալ ազգային շարժման» հանցավոր գործողությունների մասին մինչ օրս սպառիչ պատասխաններ չենք ստացել»,- հայտարարել է Զուրաբիշվիլին: Իրականում, Դատախազությունը կարեւոր գործերի հետաքննություն դեռեւս չի կարողացել իրականացնել, ինչի համար օբյեկտիվ պատճառներ կան, չնայած այսօր բանտում ոչ թե քաղբանտարկյալներ, այլ հանցագործներ են: «Միացյալ ազգային շարժման» ակտիվիստներից բացի, գոյություն չունի մարդ, ով գտնում է, որ Մերաբիշվիլին եւ Ուգուլավան պատժվում են քաղաքական հայացքների պատճառով»,— ասել է Զուրաբիշվիլին:
Նրա խոսքով` արեւմուտքում ավելի քիչ են հետաքրքրվում կոնկրետ հարցերով. «Ուղղակի վրդովմունք են արտահայտում այն պատճառով, որ այլեւս չեն տեսնում մարդկանց, ովքեր մի քանի տարվա քաղաքական գործունեություն են ունեցել»:
Նրա խոսքով, տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխություների պատճառով Վրաստանում կայունության պահպանումը շատ ավելի կարևոր է դարձել, չնայած սա չի նշանակում, որ միջազգային ասպարեզում դիտարկվում ենք որպես ակտիվ խաղացող: «Կառավարությունը շատ ավելի ակտիվ պետք է լինի արտաքին ուղղությամբ, չնայած այս տեսանկյունից չեմ արդարացնում «Միացյալ ազգային շարժման» չափից դուրս ծախսերը:
Հարցին, կարող է արդյոք քննարկվել Զուրաբիվիլիի թեկնածությունը` Արտգործնախարարի պաշտոնում` վերջինը պատասխանել է, որ անկախ թեկնածու է եւ, որ «երկու աթոռի համար» չի պայքարի։
«Իրականում, արտաքին ուղղության խնդիր չեմ տեսնում: Հիմա կարեւորը երկրի ներսում տեղի ունեցող իրավիճակն է: Առաջին հերթին վրաստանյան քաղաքական դաշտում նոր ալիք է հարկավոր: Հասարակության մեջ քաղաքականության հանդեպ վստահությունը պետք է վերականգնվի»,- հայտարարել է Զուրաբիշվիլին: