Միջադեպ Գումբուրդոյի բնակիչների և ոստիկանների միջև

Այսօր, ժամը 11:00-ին, Ախալքալաքի շրջանի Գումբորդո գյուղի բնակիչների և տեղի ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել։ Գյուղացիները փորձել են խաչքար տեղադրել գյուղի 10-րդ դարի եկեղեցու բակում՝ իրենց նախնիների վերահուղարկավորված գերեզմաններին։

Առավոտից մինչ այս պահը բնակիչները փորձում են մտնել եկեղեցու բակ, սակայն ոստիկանները շղթայաձև կանգնել են դռան առջև և ներս չեն թողնում՝ պատճառաբանելով, թե իրենք նման հրաման չեն ստացել։
Նախկին պատգամավոր Աշոտ Սահարյանը փորձել է հարթել ստեղծված իրավիճակը՝ հորդորելով սպասել մինչև հոկտեմբերի 4-ը, երբ պաշտոնական թույլտվություն կլինի խաչքար տեղադրելու համար։
Այս պահին Գումբուրդոյում իրավիճակը շարունակվում է լարված մնալ։ Jnews գործակալության մեր գործընկերների փոխանցմամբ կրակոցների ձայներ են լսվել, գյուղում Վրաստանի հատուկ ջոկատայիններ կան։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա ամռանը, երբ անց էին կացվում եկեղեցու վերանորոգման աշխատանքները, եկեղեցու բակում մարդու ոսկորներ էին հայտնաբերվել։ Գյուղացիները պահանջել էին վերահուղարկավորել իրենց նախնիների ոսկորները, ինչպես նաեւ, ի հիշատակ խաչքար կանգնեցնել։

jnews.ge

Թողնել պատասխան