Հետխորհրդային երկրների մեջ բազում յուրահատկություններով է առանձնանում Բելառուսը: Այստեղ Խորհրդային շրջանում կառուցված շինությունները, հաճախ դրանց ճակատային հատվածներում աչքի ընկնող ԽՍՀՄ զինանշանները, խանութների անվանումներն ու Լենինի արձանների առատությունը նախկին կայսրությունը մոռանալու առիթ չեն տալիս:
Երբ պատահաբար ընտրված տաքսիի վարորդը մեզ հետ խոսեց հայերեն, հասկացանք, որ հայկական ներկայությունն այստեղ մեծ է լինելու:
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում հայկական կառույցներից է երկրում գործող միակ կիրակնօրյա դպրոցը, որտեղ սովորում են ինչպես նախադպրոցական հասակի երեխաներ, այնպես էլ պատանիներ ու չափահասներ: 2005 թվականին հիմնադրված դպրոցի մասին մեզ պատմեց դպրոցի տնօրեն Գայանե Աղաջանյանը.
«Մոտ 70 աշակերտ ունենք դպրոցական տարիքի, ևս 20 ուսանող է մեզ մոտ հաճախում, որոնց թիվը աճում է, ունենք նաև մանկապարտեզ: Դասավանդվում է հայոց լեզու, գրականություն, երգ, պար, ձեռքի աշխատանք, խոսքի զարգացման դասընթացներ և այլն»:
Գայանեն հպարտանում է երգի ու պարի խմբակների ձեռքբերումներով, նրանցից որոշների հետ նա մեզ ծանոթացրեց:
Տիկին Աղաջանյանի խոսքերով երեխաները մեծ հաճույքով են հաճախում.
«Այնպես ենք դասավորում գրաֆիկն ու այնպես ենք երեխաներին վերաբերվում, որ նրանք ուզում են գալ: Հաճախ ծնողը երեխային պատժելու նպատակով ասում է՝ չե՛ս գնա դպրոցը: Ինչը երեխաների համար որպես պատիժ է ընկալվում: Ինչպե՞ս կլինի չգնալ դպրոց»:
Ներկա գտնվեցինք նաեւ պարի խմբակի դասընթացին: Նաիրի խմբի հիմնադիր և պարուսույց Նելա Գրիգորյանը մեզ պատմեց խմբի մասին.
Խումբն արդնե 6 տարվա պատմություն ունի: Չկան պարող և չպարող երեխաներ, մերը՝ պարի խումբ չէ, մերը՝ դպրոց է, սկսած մանկապարտեզից մինչև ավարտական դասարան բոլորը պարում են:
Դպրոցում սովորում են նաև այլազգի ուսանողներ, նրանց՝ դպրոցում սովորելու պատմությունը այս կամ այն կերպ հայերի հետ է կապված։
Ես ընկերուհուս հետ էի գալիս այս դասընթացներին, ինչ-որ պահից նա դադարեց հաճախել, իսկ ինձ հայերենն արդեն դուր էր գալիս և չնայած դժվարություններին, որոշեցի շարունակել ուսումս: