Վրաստանի գնահատման և քննությունների ազգային կենտրոնի ղեկավար Մայա Միմինոշվիլին միասնական պետական քննություններից առաջ խորհուրդներ է տալիս դիմորդներին՝ լրագրողներին ծանոթացնելով քննական կենտրոններից մեկում ընթացող նախապատրաստական աշխատանքներին։
«Քննական քարտի վրա նշված է գրանցման ժամը: Օրինակ, եթե քննությունը մեկնարկում է 09:00-ին, դիմորդը, անպայման, պետք է ներկայանա 08:00-ին: Կոչ եմ անում ուշադրությամբ և մի քանի անգամ կարդալ քարտի վրա արձանագրված տեղեկատվությունը: Դեպքեր են եղել, երբ դիմորդը խառնել է քննության մեկնարկի ժամը»,- ասել է Միմինոշվիլին:
Այս տարի քննական կենտրոնները բուհերից տեղափոխվել են հանրային դպրոցներ:
«Ընտրել ենք ծայրամասային դպրոցները, որպեսզի քննություններն ընթանան խաղաղ մթնոլորտում»,- ասել է Միմինոշվիլին:
Միմինոշվիլին նաև մեկնաբանել է քննական կենտրոններում օդորակիչների առկայության հարցը, նշելով, որ այս տարի շարժական օդորակիչներ կլինեն միայն եզակի կենտրոններում, մինչդեռ մյուս տարի արդեն այս հարցը լուծված կլինի։
Այս տարի միասնական պետական քննություն կհանձնի մինչև 39 000 քաղաքացի: Քննությունները կմեկնարկեն հուլիսի 2-ից: