ԱՄԷ-ը Վրաստանում 800 մլն դոլարի ներդրում է արել. Քումսիշվիլի

«Վրաստանի և Արաբական միացյալ էմիրությունների միջև ներդրումների աջակցման ու դրանց փոխպաշտպանության մասին համաձայնագիրը իրավական լուրջ հիմք է, որը ներդրումների ծավալը ավելացնելու երաշխիքներ է տալիս»,-այս մասին հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դիմիտրի Քումսիշվիլին, ով նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի պատվիրակության կազմում հանդիպումներ է անցկացնում ԱՄԷ-ում:

Նախարարը վստահեցրել է, որ վերոնշյալ համաձայնագիրը լրջորեն ավելացնելու է ներդրումների ծավալը: Ըստ նրա, ԱՄԷ-ը Վրաստանում ամենամեծ ծավալի օտարերկրյա ուղղակի ներդրում կատարած երկրներից մեկն է: 2017 թվականի տվյալներով, ներդրումների քանակով 7-րդ երկիրն է:

Միացյալ Էմիրություններից առաջին ներդրումները իրականացվել են դեռ 2003 թվականին: Քումսիշվիլիի խոսքով, այս ընթացքում ԱՄԷ-ը ավելի քան 800 միլիոն դոլարի ներդրում է արել Վրաստանում:

Նշենք, որ Վրաստանի և ԱՄԷ-ի միջև ստորագրված հիշյալ համաձայնագիրը ուժի մեջ է մտել ապրիլի 8-ից: Այն ներառում է այնպիսի կետեր, ինչպիսին են` խտրականության բացակայությունը, հավասար և արդար վերաբերմունքը, սուբրոգացիան, էքսպրոպրիացիան և վեճերի լուծման մեխանիզմները:

Թողնել պատասխան