125 տարվա վրացական կոնյակն ու «Բելառուս-152» տրակտորը

Վրաստանում պաշտոնական այցով գտնվող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին տրակտոր է նվիրել։ Տրակտոր նվիրելու մասին Բելառուսի նախագահի պաշտոնական էջում է ասվում: Նվիրված տրակտորը փոքր` «Բելառուս-152» մակնիշի է: 13 ձիաուժով տրակտորը կիրառվում է փոքր հողակտորներ մշակելու համար։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մարտի 22-ին Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի դիմավորման հանդիսավոր արարողություններից հետո այցելել է Թբիլիսիի կոնյակի գործարան, որտեղ նախագահները փորձել են 125 տարեկան կոնյակ։

Լուկաշենկոն 2015 թվականին Մարգվելաշվիլիին նաև սերմի համար նախատեսված կարտոֆիլ էր նվիրել։ Մարգվելաշվիլին այս սերմից 2017 թվականին 6 պարկ բերք է ստացել։ Նախագահը հայտարարել է, որ նա Լուկաշենկոյի հետ մրցում է, թե ով ավելի շատ բերք կստանա։

Նյութի աղբյուրը՝  tabula.ge

Թողնել պատասխան