Վրաց օպերային երգիչ Պաատա Բուրչուլաձեի ղեկավարած` «Վրաստանի զարգացման հիմնադրամը» որոշել էր միասին համախմբել Վրաստանում բնակվող էթիկ խմբերին: Նախաձեռնությանն արձագանքել էին երկրի` գրեթե բոլոր ազգային փոքրամասնությունները:
Ներկայացել էին հիմնականում պարային, երաժշտական և մշակութային այլ խմբերով: Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները` յուրաքանչյուրն իր ազգային տարազով, ձեռք ձեռքի տված անցան` Թբիլիսիի մզկիթից մինչև հայկական Սբ. Գևորգ և հրեական սինագոգ: Չնայած չդադարող անձրևին` մասնակիցները չէին լքում կազմած շրջանը:
Ազգերի բարեկամության երթին հաջորդեց գեղարվեստական մասը, պարային-երաժշտական համարներով ու տարբեր կատարումներով հանդես եկան մասնակից բոլոր խմբերը: Հայկական կողմից մասնակցում էր մոտ 5 տասնյակ ներկայացուցիչ` նրանց թվում նաև «Ջեյրան» պարային համույթի աղջիկները` «Սայաթ-Նովա» պարային կատարումով: Համույթի պարուսույց և գեղարվեստական ղեկավար Սվետլանա Երիցյանը վստահ է, որ այս միջոցառումը կարելի է կամուրջ համարել` մի երկրում ապրող այսքան շատ ազգերի համերաշխ և խաղաղ կյանքի համար:
Միջոցառման նախաձեռնողներն ասում են ` պետք է աշխարհին ցույց տալ` ինչ հարուստ է Վրաստանն իր ազգային բազմերանգությամբ, միջոցառման խորագիրն այդպես էլ ընտրեցին` «Մենք միասին ենք, մենք Վրաստանն ենք»:
«Վրաստանի զարգացման հիմնադրամի» նախագահ Պաատա Բուրչուլաձեն ասում է` այստեղ ապրող ոչ մի ազգ իրեն հյուր զգալու իրավունք չունի.
«Շատ վատ է, որ մեր այս հարստությունը չի գնահատվում: Շատ կարևոր է, որ Վրաստանում ծնված յուրաքանչյուր քաղաքացի կարողանա ազդեցություն ունենալ երկրի` ոչ միայն մշակութային այլ նաև քաղաքական կյանքի վրա: Մենք կոչ չենք անում, պարզապես խնդրում ենք քաղաքացիներին ` մասնակցել երկրի զարգացման գործընթացին: Մենք ունենք հարստություն, որը չենք օգտագործում, եկեք ցույց տանք աշխարհին մեր հարստությունը»:
Հիշեցնենք, որ երգիչը երկար տարիներ բարեգործությամբ է զբաղված, վերջերսնա հայտարարել էր, թե չի բացառում, որ իր հիմնադրամը կարող է վերածվել քաղաքական կուսակցության: Օպերային երգիչը նույնսիկ չեղյալ է հայտարարել համերգային գործունեության հետ կապված` 2016-ի բոլոր պայմանագրերը, նաև ասել է, որ իշխանության գալ կփորձի միայն այն դեպքում, երբ կզգա, որ ժողովրդին կարող է օգտակար լինել այլ դերում: