
Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլին անդրադարձել է սերբ կինոռեժիսոր, երաժիշտ ու դերասան Էմիր Կուստուրիցայի Վրաստան հնարավոր այցին:
Նախարարը լրագրողների հետ զրույցում նշել է, թե Վրաստանի ՆԳՆ-ն կգործի օրենքի շրջանակներում՝ չհստակեցնելով, թե ինչ քայլերի է դիմելու նախարարությունը Կուստուրիցայի Վրաստան ժամանելու դեպքում:
«Մենք, ինչպես բոլոր մնացած դեպքերում, այս անգամ նույնպես կգործենք օրենքի շրջանակներում»,- նշել է նախարարը:
Էմիր Կուստուրիցան 2009 թվականին այցելել է Ցխինվալի, ինչով իսկ խախտել է Վրաստանի բռնազավթված տարածքների մասին օրենքը:
Կուստուրիցան համաշխարհային շրջագայության շրջանակներում պատրաստվում է համերգ կազմակերպել նաև Վրաստանում:
Տեղեկացնում է Interpressnews.ge-ն: