«Տարածաշրջանում և ողջ աշխարհում խաղաղության պահպանման համար մեր հասարակությունն ու զինված ուժերը ջանք չեն խնայում»,- այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին՝ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ համատեղ ասուլիսում:
Մարգվելաշվիլիի խոսքով՝ լեհ գործընկերոջ հետ քննարկվել է երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ։
«Մեր հարաբերությունները զարգանում են առևտրի, զբոսաշրջության, կրթության ոլորտներում, չնայած, որ բոլոր հնարավորությունները դեռ առջևում են։ Վստահ եմ, որ Լեհաստանի նախագահի այցը Վրաստան նոր թափ կհաղորդի վրաց-լեհական հարաբերությունների զարգացմանը»,- հայտարարել է նախագահը:
Գիորգի Մարգվելաշվիլին խոսել է նաև Վրաստանի եվրաատլանտյան ձգտումների մասին՝ հավաստաիացնելով, որ դա իշխանությունների ու ժողովրդի ցանկությունն է:
«Մեր հասարակությունը, ԶՈւ-ը ամեն ինչ անում են, որպեսզի տարածաշրջանում ու ողջ աշխարհում պահպանվի խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունը: Մենք հույս ունենք և վստահ ենք` այն դերը, որը Լեհաստանն ունի, ուղղված է այս նպատակների իրականացմանը»,- ասել է Մարգվելաշվիլին:
Իր հերթին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ասել է, որ գնահատում է եվրաատլանտյան կառույցներին անդամակցելու Վրաստանի ձգտումը։