Մեկնարկում է Վրաստանի վարչապետի պաշտոնական այցը Հայաստան

Այսօր մեկնարկում է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի պաշտոնական այցը Հայաստան։

Այցի շրջանակներում նախատեսվում է առանձնազրույց և ընդլայնված կազմով հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որին կհաջորդի երկու երկրների ղեկավարների հայտարարությունը լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։

Վրաստանի վարչապետը կայցելի նաև հայոց Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիր։ Այցի շրջանակներում նախատեսված է հանդիպում ՀՀ նախագահի և Ազգային Ժողովի նախագահի հետ։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի կառավարությունից։

Սա վարչապետի պաշտոնում Բախտաձեի օտարերկրյա երրորդ այցն է` Բրյուսել և Ադրբեջան այցերից հետո, որը կայանում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով։

Փաշինյանը, շնորհավորելով Բախտաձեին հունիսին վարչապետի պաշտոնը ստանձնելու առիթով, նրան հրավիրել է Հայաստան՝ համոզմունք հայտնելով, որ «Հայաստանի եւ Վրաստանի միջեւ առկա փոխշահավետ համագործակցությունը կշարունակի զարգանալ ու ամրապնդվել։ Համոզված եմ, որ այդ այցելությունը նոր լիցք կհաղորդի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր բնագավառներում մեր երկրների փոխգործակցությանը»:

Նա նշել է, որ Վրաստան կատարած պաշտոնական այցի և արդյունավետ հանդիպումների ընթացքում մեկ անգամ ևս համոզվել է, որ հայ-վրացական հարաբերություններում առկա է մեծ ներուժ։

Հատկանշական է, որ թավշյա հեղափոխության արդյունքում իշխանության եկած վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր օտարերկրյա առաջին պաշտոնական այցը կատարել է Վրաստան։

«Պատահական չէ, որ իմ առաջին օտարերկրյա պաշտոնական այցը կատարում եմ եղբայրական Վրաստան, որի հետ մեզ կապում են հազարամյակների պատմական սերտ առնչությունները, բարեկամությունն ու փոխադարձ հարգանքը: Հավատացած եմ, որ մեր երկու երկրների ու ժողովուրդների միջև գոյություն ունեցող ջերմ հարաբերություններով պայմանավորված՝ միջպետական երկխոսությունն ամուր հիմք կստեղծի մեր համագործակցության առավել ամրապնդման համար»,- Թբիլիսիում շեշտել է Նիկոլ Փաշինյանը։

Կարևորելով Վրաստանի հետ հարաբերությունները, Հայաստանի կառավարության ղեկավարն իր հարցազրույցներում մշտապես նշել է, որ դրանք պետք է զերծ մնան աշխարհաքաղաքական ազդեցությունից․

«Վրաց ժողովուրդը պետք է համոզված լինի, որ ՀՀ-ի և հայության գործողություններում չկա որևէ դավադրություն Վրաց պետության և վրաց ժողովրդի նկատմամբ: Միաժամանակ, հայ ժողովուրդը և Հայոց պետությունը պետք է համոզված լինեն, որ Վրաստանի գործողություններում չկա որևէ դավադրություն ՀՀ-ի և հայ ժողովրդի նկատմամբ»: