Համաշխարհային բիզնես միջավայրում նշանակալի դերակատարում ունեցող հայտնի հայ գործարարների նախաձեռնությամբ ստեղծվել է ներդրողների խումբ, որը հայտարարում է «Կառուցի՛ր Հայաստան»/«Build Armenia» նախագծի մեկնարկի մասին:
«Կառուցի՛ր Հայաստան» նախագծի նպատակն է ապահովել հայրենադարձությունը խթանող լայնամասշտաբ ներդրումների հոսք՝ դեպի Հայաստան, ստեղծել սոցիալ-տնտեսական նպաստավոր միջավայր, որը համապատասխան ենթակառուցվածքների հիման վրա ի վիճակի կլինի ընդունել հայրենադարձության ինքնահոս ալիքը:
Նախագծի մեկնարկն ազդարարվում է ներդրողների խմբի կոչով, որը ներկայացված է ստորև:
ԿՈՉ
Նկատի ունենալով, որ.
- համաշխարհայնացման ագրեսիվ միտումները և հայրենամերձ տարածքներից՝ մասնավորապես Մերձավոր Արևելքի ավանդական համայնքներից հայության արտագաղթն օրախնդիր են դարձնում հայկական ներուժի համախմբումը,
- ՀՀ-ն՝ որպես համայն հայության հայրենիք, ունի ծանրակշիռ պատասխանատվություն յուրաքանչյուր հայի ինքնության պահպանման, բարեկեցության, անվտանգության և զարգացման գործում,
- Սփյուռքում շարունակվող ուծացումը սպառնում է ազգային ինքնության պահպանմանն ու զարգացմանը,
- զարգացման երկարաժամկետ և համակարգված տեսլական չունեցող հայ ժողովուրդը շարունակում է ապրել ու ստեղծագործել աշխարհի տարբեր անկյուններում՝ իր ամբողջական ներուժը չօգտագործելով միասնաբար,
- ՀՀ-ը անկախության հռչակման առաջին իսկ օրվանից գտնվում է թուրք-ադրբեջանական տանդեմի հորիզոնական շրջափակման մեջ` կրելով այդ երկրների թշնամական, ռազմատենչ հռետորաբանության հետևանքները,
- 1991թ-ից ի վեր ՀՀ-ից տեղի է ունենում ուղեղների և որակյալ մարդկային ներուժի անկառավարելի արտահոսք՝ խաթարելով երկրի անվտանգությունը,
- հայությունը Սփյուռքում ձևավորել է տնտեսական կապիտալ, որը համախմբված չէ և չի ծառայում խոշորամասշտաբ միասնական ծրագրերի իրականացմանը,
- ՀՀ-ում ձևավորվում է համապատասխան միջավայր՝ ինքնահոս հայրենադարձության ալիքն «ընդունելու» և այն առավել համակարգված դարձնելու համար,
- Սփյուռքում հասունացել է Հայաստանը համահայկական նախագծերի կենտրոնի վերածելու վաղեմի գաղափարը,
ապա եզրակացնելով, որ.
- հայրենադարձության որոշում կայացնողը սփյուռքահայն է, ով ուզում է մասնակցել սեփական երկրի կառուցման գործին, պատասխանատվություն
կրել այդ երկրի ճակատագրի համար, ինչպես նաև ավելի բարեկեցիկ, ապահով ու երջանիկ կյանք ապահովել իր և իր ընտանիքի համար,
- ՀՀ-ը պետք է կարողանա ստեղծել սոցիալ-տնտեսական համակարգված միջավայր, որը դեպի իրեն կձգի այդ սփյուռքահային` իր կապիտալով ու գիտելիքներով հանդերձ,
- ՀՀ-ում համապատասխան ենթակառուցվածքները պետք է ծառայեն ինքնահոս հայրենադարձության համակարգված կազմակերպմանը, ընդ որում՝ ՀՀ ցանկացած վարչակազմ կարող է միմիայն աջակցել սփյուռքահայության ժողովրդագրական, տնտեսական եւ մասնագիտական ներուժի հայրենադարձությանը,
հայտարարում ենք.
— Մենք՝ ներքոստորագրյալներս, «Կառուցի՛ր Հայաստան» նախագծի մեկնարկով հանդես ենք գալիս ֆինանսական ու աշխարհագրական ծավալով աննախադեպ նախաձեռնությամբ, որը կապահովի հայրենադարձությունը խթանող ներդրումների լայնամասշտաբ հոսք՝ դեպի Հայաստան:
Միաժամանակ կոչ ենք անում աշխարհասփյուռ հայ գործարար շրջանակի մեր գործընկերներին միանալ նախաձեռնությանը՝ այդպիսով անմիջականորեն մասնակցելով «Կառուցի՛ր Հայաստան» նախագծի իրականացմանը:
Նախագծի շուրջ համախմբված գործարարների առաջին համաժողովը տեղի կունենա 2019 թ. առաջին եռամսյակում Ֆրանսիայում:
Վարտան Սիրմակես (Վարդան Սըրմաքեշ, Vartan Sirmakes, Switzerland)
Արդեն Սելլեֆյան (Արտեն Սելեֆյան, Arden Sellefyan, Switzerland)
Հայկ Հովհաննիսյան (Hayk Hovhannisyan, Switzerland)
Վարտկես Կնաջյան (Վարդգես Քնաճյան, Vartkess Knadjian, Belgium)
Հարութ Միսիրեան (Հարութ Միսիրյան, Harout Missirian, Lebanon)
Աբրահամ Օդեմիս (Abraham Odemis, France)
Հրաչ Կապրիելյան (Հրաչ Գաբրիելյան, Hratch Kaprielian, USA)
Անուշավան Նազարեան (Անուշավան Նազարյան, Anushavan Nazarian, Kuwait)
Յարութիւն, Յակոբ, Ռաֆֆի, Շանթ Ստամպուլլի (Հարություն, Հակոբ, Րաֆֆի, Շանթ Ստամբուլլի, Haroutune, Hagop, Raffi & Chant Istanboulli, Italy & United Arab Emirates )
Փաթրիք Արապեան (Պատրիկ Արաբյան, Patrick Arapian, France)
Ռոյ Արաքելեան (Ռոյ Առաքելյան, Roy Arakelyan, France)
Սևակ Արծրունի (Sevak Artsruni, Armenia)