Վրաստանի Դարիալի կիրճում մեկնարկել է մինչև 2 կմ երկարությամբ թունելի շինարարությունը: Դարիալի և Դևդորակի կիրճերի հատման կետում թունելի շինարարությունը կիրականացնի Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային վարչությունը:
Տարվող աշխատանքներն ավտոճանապարհային վարչության ղեկավար Գիորգի Սեթուրիձեի հետ ուսումնասիրել է նաև Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Զուրաբ Ալավիձեն: Նախարարության տեղեկատվության համաձայն՝ 2 կմ երկարություն ունեցող թունելի լայնությունը 8,5 մետր է լինելու:
Նախագծի ընդհանուր արժեքն ավելի քան 47 000 000 լարի է: Այն ամբողջովին կֆինանսավորվի պետական բյուջեից:
«Դարիալի կիրճում վերջերս մի քանի անգամ բնական աղետներ եղան, ինչի պատճառով վտանգի տակ էին հայտնվել ճանապարհից օգտվողները: Հատկանշական է նաև, որ բնական աղետների պատճառով դադարում էր գործել Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս տարանցիկ ավտոճանապարհը, ինչը երկրին, միջին հաշվով, օրական 1 մլն լարիի վնաս էր հասցնում: Այդ իսկ պատճառով Դևդորակի թունելի շինարարությունը Վրաստանի տարանցիկ նշանակության պահպանման համար անհրաժեշտ է»,- նշված է ճանապարհային վարչության տարածած հայտարարության մեջ: