
Վրաստանում Մեծ Բրիտանիայի նոր դեսպան Ջասթին Մակենզի Սմիթը Թբիլիսի է ժամանել: Այս մասին «Interpressnews»-ին հայտնել են Վրաստանում Միացյալ Թագավորության դեսպանատան մամուլի ծառայությունից:
Դեսպանն իր ուրախությունն է հայտնել Վրաստանում դեսպան նշանակվելու կապակցությամբ. «Որախ եմ, որ այստեղ եմ: Բախտս բերել է, որ մինչ այս մի քանի անգամ եղել եմ Վրաստանում և այժմ այստեղ ապրելու և աշխատելու հնարավորություն ունեմ: Վրաստանն ու Մեծ Բրիտանիան ամուր բարեկամական հարաբերություններ ունեն: Առաջիկայում եվս հնարավոր է այդ հարաբերություններն ընդլայնել ու ամրապնդել»,- հայտարարել է դեսպանը:
Մակենզի Սմիթը դեսպանի պարտականությունների կատարմանը կանցնի Վրաստանի նախագահին և Արտաքին գործերի նախարարին իր հավատարմագրերը հանձնելուց հետո:
Մինչ Վրաստանում դեսպան նշանակվելը Մակենզի Սմիթը դիվանագիտական գործունեությամբ էր զբաղված Միացյալ Թագավորությունում: Նրա վերջին առաքելությունը Մեխիկոյում էր, որտեղ նա փոխդեսպան էր և առևտրի ու ներդրման հարցերով տնօրեն: