«Մեր նպատակն է ավելացնել ընտրությունների մասնակիցների թիվը, որպեսզի շատերը միանան այս ժողովրդավարական գործընթացին»-ասել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին` «Քո ձայնը մեր ապագան է» նախընտրական նախագծի շրջանակներում հանդիպման մասնակիցներին: Մարգվելաշվիլին հիշյալ նախագծի հերթական հանդիպումն իրականացրել է Աջարիայի Շեկվեթիլիի ամառային դպրոցում:
Նախագահն ասել է, որ հնարավոր է` քաղաքական գործիչներից ոչ բոլորն են արդարացրել հասարկության սպասելիքները, այդուհանդերձ երկիրը զարգանում է. «ձեզ միգուցե դուր չի գալիս այս կամ այն քաղաքական ուժը, բայց պետք չէ հրաժարվել երկրից ու նրա հզորացումից»:
Նախագահը անդրադառնալով ամառային դպրոցի գործունեությանը, վստահեցրել է, որ այն դրական արդյունք պիտի տա: «Դուք պետք է մարդկանց վստահեցնեք, որ կարևոր է ընտրություններին իրենց մասնակցությունը. դա նրանց քաղաքացիական պարտքն է: Դուք կհանդիպենք մարդկանց, ովքեր կասեն` քաղաքական գործիչները չեն արդարացրել իրենց սպասելիքները, կամ բազմիցս մասնակցել ենք ընտրությունների, սակայն ոչինչ չի փոխել: Իմացեք, նման մոտեցումը սխալ է…» -նշել է Վրաստանի նախագահը:
Հիշեցնենք` «Քո ձայնը մեր ապագան է» նախագիծը իրականացվում է Գիորգի Մարգվելաշվիլիի նախաձեռնությամբ, նախագահի պահուստային ֆոնդի աջակցությամբ: Արշավի նպատակն է Վրաստանի բնակչությանը ընտրություններին մասնակից դարձնել: Այն չի պաշտպանում քաղաքական կուսակցություններից որևէ մեկին:
Երկրի ղեկավարը արդեն ներկա է եղել նախընտրական այս ծրագրի շրջանակներում բացված Բազալետիի, Քոբուլեթիի, Ամբրոլաուրիի, Ծղալտուբոյի և Անակլիայի ամռային դպրոցներում:
Հաջորդ հանդիպումը նախատեսված է Սիղնաղիի ամառային դպրոցում: