
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին Աֆղանստանում Բագրամի ավիաբազայի հարակից տարածքում զոհված կրտսեր սերժանտ Մդինարե Բեբիաշվիլիի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել:
«Գլուխ եմ խոնարհում հայրենիքին ծառայողների առջև, բոլոր նրանց առջև, որոնք զոհել են կյանքը հանուն հայրենիքի, բոլոր նրանց առջև, որոնք հեռու են իրենց ընտանիքներից: Վրաստանի քաղաքացիների անունից խորին շնորհակալություն եմ հայտնում»,-ասել է նախագահը:
Ավիաբազայի վրա հարձակման հետևանքով վիրավորված զինվորներին, ովքեր բուժօգնություն են ստանում Բագրամի ավիաբազայի հիվանդանոցում, նախագահը շուտափույթ ապաքինում է մաղթել: Ավիաբազայի վրա հարձակման հետևանքով վիրավորվել են Վրաստանի «Ամուր աջակցություն» առաքելության երեք զինծառայող, նրանցից մեկի վիճակը կայուն ծանր է գնահատվում: