Մարգվելաշվիլին ողջունում է Մինդելի հանքը ժամանակավորապես չգործարկելու մասին վարչապետի որոշումը

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ցավակցություն է հայտնել Տղիբուլիի Մինդելի ածխահանքում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին։

«Իմ խորը ցավակցությունն եմ հայտնում Տղիբուլիում զոհված հանքագործների ընտանիքներին ու հարազատներին: Արդեն մի քանի տարի է ահազանգում ենք, որ աշխատանքի անվտանգության ուղղությամբ առկա իրավիճակն անընդունելի է: Այսօր արդեն օրհասական է այդ ոլորտում կանոնակարգերի խստացումը, որպեսզի հասնենք անվտանգության բարձր մակարդակի»,-ցավակցական հեռագրում ասել է երկրի նախագահը:

Մարգվելաշվիլիի գնահատմամբ, այն փաստը, որ միայն այս տարի 11 հանքափոր է զոհվել, 10-ը վիրավորվել, խոսում է այն մասին, որ պետությունը համարժեք քայլեր չի կատարել իրավիճակի բարելավման ուղղությամբ։

«Այսօր կրկին մեզ հուզում է մի հարց՝ արդյո՞ք հնարավոր է Մինդելի հանքում անվտանգ աշխատանքի շարունակումը»,-հայտարարել է նախագահը՝ միևնույն ժամանակ ողջունելով հանքը ժամանակավորապես չգործարկելու մասին վարչապետի որոշումը։

Նշենք, որ վարչապետ Մամուկա Բախտափեն անդրադառնալով տեղի ունեցած ողբերգությանը, ասել է, որ մինչև փորձաքննության (այդ թվում միջազգային) և հետաքննության ավարտը, հանքում աշխատանքներ չեն սկսվի։ Բացի այդ, նա նաև նշել է, որ կառավարությունը Մինդելի հանքը փակելու մասին որոշում է ընդունել։

 

Թողնել պատասխան