Քաղաքագետ Գելա Վասաձեն ենթադրում է, որ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին նոր քաղաքական թիմ կստեղծի՝ երկրի պետական անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում նշանակելով «Ազատ դեմոկրատներ»-ի արդեն նախկին առաջնորդ Իրակլի Ալասանիային։ Հիշեցնենք՝ թեման այս օրերին ակտիվորեն քննարկվում է տարբեր լրատվամիջոցներում, նշվում է նաև, որ Ալասանիայի թիմակիցներից ոմանք էլ պաշտոններ կզբաղեցնեն ԱԳՆ ապարատում։
«Խոսակցություններ կան նաև այն մասին, որ նախագահի ու վարչապետի միջև համաձայնություն է ձեռք բերվել, որ ԱԳՆ-ում դեսպանների և վարչությունների ղեկավարների պաշտոնները կզբաղեցնեն Ալասանիայի կողմակիցները՝ «Ազատ դեմոկրատներ»-ից: Եթե դա այդպես լինի, ապա դա մեր կառավարության արևմտյան ֆասադը կհանդիսանա, իսկ մենք կարող ենք ենթադրել, որ Մարգվելաշվիլին նոր քաղաքական թիմ կհավաքի, ինչը տրամաբանական է»,- Վասաձեի խոսքերն է մեջբերում «Fontnews» պարբերականը:
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը չհաղթահարեց ընտրական 5 տոկոսանոց շեմը։ Իրակլի Ալասանիան հայտարարեց ժամանակավորապես կուսակցությունից ու քաղաքականությունից հեռանալու մասին։