Վրաստանի նախագահն արձագանքել է երկու օր առաջ Թբիլիսիի Իսանի-Սամգորի շրջանի Գաբրիել Սալոսի փողոցում տեղի ունեցած հակաահաբեկչական գործողությանը:
Հանդես գալով դեպքից հետո առաջին մեկնաբանությամբ, երկրի նախագահը խոսել է ահաբեկչության տեսանկյունից երկրի առջև ծառացած մարտահրավերների մասին.
«Պետք չէ միամտորեն մտածել, թե Վրաստանը գտնվում է այն իրականության մեջ, որտեղ բացակայում են համաշխարհային վտանգները, որտեղ որևէ ճգնաժամ չի կարող վերաճել ավելի մեծ խնդրի: Նման դեպքերում պետք է միահամուռ գործել»,-ասել է Մարգվելաշվիլին՝ շնորհակալություն հայտնելով գործողություններն իրականացնողներին:
Վրաստանի նախագահը հույս է հայտնել, որ վերջ կտրվեն այն «անհիմն» խոսակցություններին, թե նման դեպքերում կարիք չկա, որ գործողությունները վերահսկի անվտանգության խորհուրդը կամ նմանատիպ այլ մարմին:
«Ճիշտ գնահատեք իրականությունը, չի կարելի դրան միամտորեն նայել: Պետք է գիտակցել, թե հնարավոր ինչ վտանգներ կարող են սպասվել»,-Մարգվելաշվիլիի խոսքերն է փոխանցում «Ռուսթավի 2» հեռուստաալիքը: