Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ընդունել է պաշտոնական այցով Թբիլիսիում գտնվող Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին:
Հանդիպմանը ներկա են եղել նախագահի աշխատակազմի ղեկավար Գիորգի Աբաշիշվիլին, Անվտանգության խորհրդի քարտուղար Դավիթ Ռաքվիաշվիլին, նախագահի խորհրդականները և այլք: Տեղեկացնում է նախագահի հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
«Հանպիպմանը կողմերը խոսել են Վրաստանի եվրաինտեգրման ու ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովի մասին: Հունգարիայի վարչապետը նշել է, որ Վրաստանը տարածաշրջանում կարևորագույն երկրներից է, որ եվրոպական քաղաքակրթության մաս է կազմում: Նա հաստատել է, որ Հունգարիան հետաքրքրված է և ցանկություն ունի Վրաստանի հետ տնտեսական համագործակցությունն էլ ավելի խորացնել»:
Անդրադարձ է եղել նաև կրթության ոլորտում համագործակցությանը: Անվտանգության խորհրդի քարտուղար Դավիթ Ռաքվիաշվիլին հանդիպումից հետո նշել է, որ Հունգարիայի վարչապետը պատրաստակամություն է հայտնել աջակցել Վրաստանի դիրքորոշմանը ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովին: