Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին պաշտոնական այցով գտնվում է Իտալիայի հանրապետությունում՝ հաղորդում են նախագահականի մամուլի ծառայությունից: Նախատեսված է հանդիպում իտալացի գործընկերոջ՝ Սերջո Մաթարելլայի հետ: Երկու նախագահները բանակցություն կունենան, ինչպես դեմ առ դեմ, այնպես էլ ընդլայնված ձևաչափով՝ պատվիրակության մասնակցությամբ: Մարգվելաշվիլիին այցի ընթացքում ուղեկցում են նախագահի աշխատակազմի ղեկավար Գիորգի Աբաշաշվիլին, Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Դավիթ Պակվիաշվիլին, արտգործնախարարի տեղակալ Վախթանգ Մախարաբլիշվիլին, Վրաստանում Իտալիայի դեսպան Կարլո Սիխարուլիձեն, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Այցի շրջանակներում նախատեսված է նաև պատվիրակության հանդիպումը Իտալիայի խորհրդարանի ղեկավար Պետրո Գրասսոյի հետ: Մարգվելաշվիլին կայցելի նաև Հռոմում ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջ, դասախոսություն կկարդա ուսանողների համար: Պաշտոնական այցը կավարտվի հոկտեմբերի 17-ին:
Վրաստանն ու Իտալիան դիվանագիտական հարաբերություններ ունեն 1992-ի մայիսից: Երկրները հաջողությամբ համագործակցում են կրթության և գիտության ոլորտներում: Իտալիայի կառավարությունը ամեն տարի կրթաթոշակ է տրամադրում վրաստանցի ուսանողների համար, 2004-ից պարբերաբար կազմակերպվում են վրաց-իտալական բիզնես-ֆորումներ: Առաջնահերթություններից են նաև շինարարությունը և ենթակառուցվածքները, գյուղատնտեսությունը և զբոսաշրջությունը: