
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին Լեհաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է Լեհաստանի սենատի մարշալ Ստանիսլավ Կարչեւսկիին:
«Ինտերպրեսնյուսին» նախագահի աշխատակազմից հայտնել են, որ հանդիպման ընթացքում խոսվել է Լեհաստանի կողմից Վրաստանի Եվրոպական ինտեգրման գործընթացի աջակցության, Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքներում ստեղծված իրավիճակի եւ խորհրդարանական հարաբերությունների խորացման մասին:
Վրաստանի նախագահը ողջունել է խորհրդարանների միջեւ հարաբերությունների դինամիկ զարգացումը եւ գործընկերական համագործակցության հզորացումը:
Ինչպես նշվել է հանդիպման ժամանակ, խորհրդարանական աջակցությունը Վրաստանի շահերի պաշտպանության տեսանկյունից ամենակարեւոր բաղադրիչներից է եւ կարեւորվել է այս ուղղությամբ խորհրդարանի Վրաստանի հետ բարեկամական խմբի աշխատանքը։
Կողմերը նաեւ խոսել են Արեւելյան գործընկերության եւ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին պատրաստվելու աշխատանքների մասին:
Գիորգի Մարգվելաշվիլին շնորհակալություն է հայտնել խորհրդարանի ներկայացուցիչներին Վրաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության ճանաչման քաղաքականությանը կայուն եւ շարունակական աջակցության համար: