«Բոլորդ պետք է զգաք, որ հասարակությունը ձեզ սիրում է, և այս ցավը միասին պետք է հաղթահարենք»,- այսպես է պատասխանել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին Պանկիսիում տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ պանկիսցի ուսանողի հարցին:
Հիշեցնենք, որ Վրաստանի պետական անվտանգության ծառայության կողմից դեկտեմբերի 26-ին Պանկիսիի շրջանի Օմալո և Դուիսի գյուղերում հատուկ գործողություն էր իրականացվել, որի ժամանակ գլխի հատվածում հրազենային վիրավորում էր ստացել Թեմիրլան Մաչալիկաշվիլին, ով հունվարի 10-ի առավոտյան հիվանդանոցում մահացել էր:
«Յուրաքանչյուր երիտասադի մահ մեծ կորուստ է և մեծ ցավ, ինչպես ընտանիքի, այնպես էլ հասարակության համար: Չեմ խորանա հատուկ գործողության մանրամասների մեջ»,- հայտարարել է Մարգվելաշվիլին:
Նախագահը նշել է, որ Պանկիսիի նկատմամբ հատուկ վերաբերմունք ունի:
«Բազմիցս ասել եմ, որ ես և վրաց հասարակությունը Պանկիսիի նկատմամբ հատուկ վերաբերմունք ունենք, սեր և հարգանք: Դուք Վրաստանի քաղաքացիներ եք, մենք հարգում ենք ձեր սովորույթներն ու ավանդույթները: Կարծում եմ՝ միասին կստեղծենք հզոր, ազատ Վրաստան»,- հավելել է Մարգվելաշվիլին: