Ստորև ներկայացնում ենք «Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1918 թթ» գրքում տեղ գտած, հայ փախստականների վերաբերյալ 1915 թվականին վրացալեզու որոշ լրատվամիջոցներում հրապարակված հոդվածների հայերեն թարգմանությունը: Գրքի նախաբանը, առաջին, երկրորդ եւ երրորդ մասերը ներկայացրել ենք նախկինում:
Ժողովրդական թերթիկ 1915/01/29 #197
Տեղահանվածները
Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ վերջին ժամանակաշրջանում Օսմանյան կայսրությունից և Պարսկաստանից մեծ թվով հայություն է տեղափոխվել Կովկաս: Ասում են, որ տեղահանված հայերի թիվը հասնում է 120-150 հազարի: Տեղահանվածների մի մասը բնակություն է հաստատել Թիֆլիսում` քաղաքի տարբեր անկյուններում: Հայերից բացի, մեր մայրաքաղաքում այժմ բնակվում են Պարսկաստանից հեռացած 3 000 ասորի:
Տեղահանվածների հարցը բավական բարդ է և լուրջ, առավել քան՝ առօրեական։ Մեզ, իհարկե, խնդիրն առավելապես մտահոգում է այն տեսանկյունից, որ տեղահանվածները ժամանակավոր կամ ընդմիշտ բնակություն են հաստատում Վրաստանում: Փախստական, անօթևան մնացած հայերը, ասորիները և այլոք պետք է վստահ լինեն, որ քաջ գիտակցում ենք, թե ինչ ծանր կացության մեջ են, հոգով և սրտով ցավում ենք և հնարավորինս աջակից կլինենք:
Սակայն իրենք` տեղահանվածները, ևս պետք է գիտակցեն այժմյան համընդհանուր և, հատկապես, վրաց ժողովրդի ծանր իրավիճակի մասին, և ոչ ոք չպետք է պահանջի այն, ինչը կարող է վնասել մեր ազգի ներկան և ապագան: Առաջին հերթին, չպետք է մոռանանք, որ 2 տարի տևող և դեռևս շարունակվող պատերազմի հետևանքով կյանքն ավելի է դժվարացել, ուտելիքը դժվարությամբ է հայթայթվում, իսկ դրսից ներկրելը բարդ է և հնարավոր է՝ նույնիսկ արգելվի: Այս պայմաններում նույնիսկ տեղաբնակներն են դժվարանում գոյատևել, և հիմա տեղահանվածների ավելացմամբ մեր վիճակն իսկապես անտանելի կդառնա: Պահանջներ և կարիքներ մենք ինքներս ունենք և չենք պատրաստվում նաև մտածել ուրիշի կարիքների մասին:
Կա նաև երկրորդ` ավելի կարևոր խնդիրը: Թիֆլիսի երկրամասի որոշ շրջաններ արդեն իսկ բնակվեցված են մեծամասամբ այլազգիներով: 19-րդ դարի ընթացքում տեղահանվածների պատճառով մենք ամբողջությամբ կորցրեցինք Ախալքալաքի շրջանը, մեծ թվով տեղահանվածներ բնակություն հաստատեցին նաև Բորչալուի և Ախալցիխեի շրջաններում: Եվ հիմա, եթե նոր տեղահանվածներ գան Վրաստան, մեր գործը շատ կդժվարանա: Դա մեր ազգային շահերին է սպառնում, ուստի պարտավոր ենք բոլոր միջոցներով դեմ կանգնել և փրկել մեր հողն ու ջուրը, որը հազիվ է հերիքում վրաց ժողովրդին:
Մեր ազգային շահը և գիտակցությունը հուշում է, որ վտանգը պետք է ի սկզբանե կանգնեցնել:
Ժողովրդական թերթիկ 1915/02/12 #208
Հարուստ և հարգարժան այրի Մարիամը սովորում է Բեռլինում: Մայրը Մարիամին մտահոգող նամակներ է ուղարկում: Օսմանյան Հայաստանում գտնվող նրա հայրենիքը ծանր կացության մեջ է: Հայերին կոտորած է սպասվում:
Աստղիկը սիրում է իր հայրենիքը, նա ամբողջ սրտով նվիրված է իր ժողովրդին և հայրենիքին: Նա պատրաստվում է թողնել ուսումը և Բեռլինից հայրենիք վերադառնալ: Փորձում է անհրաժեշտ փաստաթղթերը հավաքել: Օսմանյան կայսրության դեսպանատանն Աստղիկը հանդիպում է բարձր պաշտոն զբաղեցնող մի երիտասարդի: Վերջինս համակրում է աղջկան և ցույց տալով, թե օգնում է՝ հրամայում է փաստաթղթերը պատրաստել 10 օրվա ընթացքում, մինչ ինքը կտիրանար Աստղիկին:
Երիտասարդի միջամտությունից հետո նույնիսկ Բեռլինի պարետը չի ստուգում աղջկա փաստաթղթերը: Իրեն ասպետ ներկայացնող երիտասարդին Աստղիկն ընդունում է որպես ազնիվ մարդու: Տղամարդն այնպես հմտորեն, այնպես արհեստավարժորեն է գործում, որ Աստղիկը նույնիսկ չի էլ կասկածում։
Նրա օգնությամբ Աստղիկը գտնում է Ստամբուլ ուղևորվելու տոմս և ճանապարհ ընկնում դեպի Օսմանյան Կայսրությունում գտնվող իր հայրենի քաղաք։ Իբրև թե պատահական, գործիչը (վերոնշյալ երիտասարդը) նույնպես Ստամբուլ է ուղևորվում. Ստամբուլում կինն իմանում է, որ Օսմանյան կայսրությունը Ռուսաստանին պատերազմ է հայտարարել: Օսմանյան կայսրությունն ավազակորեն քարուքանդ է արել Սև ծովի նավահանգիստները, այդ թվում նաև Աստղիկի հայրենի քաղաքը: Վերջապես կինը հասկանում է, թե ով է Բեռլինից իր հետ եկած տղամարդը, որ գառան մորթի հագած գայլ է, և առաջին իսկ նավով ուղևորվում է Օսմանյան Հայաստան:
Այժմ Օսմանյան Հայաստանում ենք: Աստղիկն իր ընտանիքում է: Մարիամը, որպես այրի, քաղաքում բավականին հարգանք վայելող Աստղիկի խորհրդով հավաքում է քաղաքի ծերերին: Ասում են` քաղաքում երիտասարդներ չկան այլևս: Բոլորը սարերում են: Որոշում են նամակ ուղարկել Ռուսաստանի սահմանների մոտ գտնվող հայկական հզոր բանակի ղեկավար Արշակին: Նամակի փոխանցումը վստահվում է Աստղիկին… Նա մեծ դժվարությամբ նամակը կփոխանցի Արշակին:
Վերջինիս զորքերը խիստ զբաղված են, սակայն, միևնույն է, ասում է, որ հաջորդ օրը 12-ին մեծ զորք կուղարկի, որպեսզի անսպասելիորեն հարձակվեն օսմանների վրա և ազատագրեն Աստղիկի քաղաքը: Աստղիկը վերադառնում է: Սպասելով պատերազմին` օսմանացիները քաղաքում շրջում են խմբերով: Մարիամի տունն արդեն քանդել են, սպանել նրա տղաներից մեկին: Աստղիկը տուն է վերադառնում: Տեսնում է, թե ինչ սարսափելի արարքներ են գործում օսմանացիները հրապարակում: Օսմանցի սպան կարդում է օսմանյան բանակի գլխավոր հրամանատարի հրամանը: Նա ամբոխին հրամայում է դադարեցնել կոտորածը, քանի որ «Իմ զինվորների համար գործ չի մնա» և հրամայում է բանակ բերել ընտրված, չամուսնացած աղջիկների: Լսելով այս ամենը՝ Աստղիկը ժամանակ շահելու նպատակով հերոսական քայլի է դիմում: Հարկավոր է խափանել օսմանյան բանակի գործողությունները՝ մինչև Արշակն իր զորքով կգա փրկության: Աստղիկին անհրաժեշտ է հանդիպել բանակի գլխավոր հրամանատարին, ինչից հետո կկարողանա փրկել հայրենի քաղաքը: Նպատակին հասնելու համար նա որոշում է ինքնազոհաբերվել: Վերջինս գլխավոր հրամանատարին կհայտարարի` ես հաճույքով կենթարկվեմ քո հրամաններին:
Աստղիկն այժմ օսմանյան բանակում է: Նրան հետևում է անհանգստությունից ապշած մայրը: Գեղեցիկ, նրբագեղ մարմնով Աստղիկը գլխավոր հրամանատարին կհրավիրի սենյակ, լուռ կբացի վարագույրները և ահա երևում է Բեռլինում հանդիպած սևահեր երիտասարդը: Աստղիկը թաքցնում է զզվանքը և հպատակվում նրա փաղաքշանքներին: Մոտենում է Արշակի ժամանման օրը, կինը սպասողական վիճակում նայում է պատուհանից: Պարում է, ենթարկվում և արբեցնում նրան…Հանկարծ ձայներ են լսվում, ժողովուրդը սարսափած վազում է, մոտիկ են գալիս սպաները: Մարդիկ տեղեկացնում են, որ երևում է հայկական հզոր բանակը:
Աստղիկը հիացած է: Գլխավոր հրամանատարը՝ հասկանալով Աստղիկի խորամանկությունը, ծեծում է նրան: Այդ պահին սենյակ է մտնում Մարիամը, կայծակնային արագությամբ գլխավոր հրամանատարին դաշունահարում է և գցում հատակին: Կանանց աչքերին փայլում են ուրախության արցունքները… Գոնե ժամանակավոր կարողացել են փրկել ժողովրդին: Աստղիկի վերքերից հոսող արյունը սուրբ արյուն է: Այն շատերի փրկության խորհրդանիշն է:
Հավաքածուն հրապարակվել է «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության կողմից և «Հայ-եվրոպական ֆեդերացիա հանուն արդարադատության և ժողովրդավարության» Վրաստանի գրասենյակի աջակցությամբ: Աշխատանքում տեղ են գտել հայոց ցեղասպանության մասին Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի վրացական տարեգրության բաժնի նյութերը: Ծրագրի հիմնական նպատակն է` թեմայի շուրջ ծանոթացնել վրաց ընթերցողին խորհրդարանի արխիվային նյութերի հետ: Հավաքածուն պատրաստել են` Գևորգ Յագուտովը, Ռազմիկ Բադալյանը, Արթուր Միրզոյանը, Էդուարդ Սահակյանը, Ալեքսանդր 0հանյանը: