Վրաստանի հայաբնակ Շահումյան գյուղի ճանապարհների վերանորոգման պահանջով բողոքից անցել է մոտ 10 օր: Այս օրերի ընթացքում Շահումյանի փողոցներում փոսերի մեծ մասը խճաքարով է ծածկվել, ինչը որոշ չափով անցանելի է դարձրել ճանապարհները: Շահումյանի խնդիրների, հատկապես ճանապարհի հարթեցման մասին, որը փաստորեն ընդամենը ժամանակավոր և մասնակի լուծում է, Ալիք մեդիան զրուցեց Մառնեուլիի շրջանային ղեկավար՝ գամգեբելի Մերաբ Թոփչիշվիլիի հետ.
«Ես չեմ սիրում խոսել այլ մարդկանց անցյալում ունեցած թերությունների մասին, բայց սա է իրականությունը։ Ինչպիսի՞ն էր Շահումյանը 3 տարի առաջ, երբ եկանք իշխանության: Չկար ջուր, բնական գազ, մարզական կենտրոն, մանկապարտեզ, փաստացի ոչինչ չկար: Այս 3 տարվա ընթացքում շրջանի բնակիչների հետ որոշեցինք, թե ինչն է առաջնահերթություն և սկսեցինք զբաղվել նախ ջրի խնդրով, որպեսզի 21-րդ դարում Վրաստանի քաղաքացին ջրի խնդիր չունենա: Այդ նպատակով փոխեցինք Շահումյանի խմելու ջրի կենտրոնական խողովակաշարը, զուգահեռաբար նորացվել են նաև մի քանի երկրորդական փողոցների խողովակները: Այսուհանդերձ, ամբողջական ջրամատակարարման գործընթացը դեռևս ընթացքի մեջ է:
Ոչ պակաս մեծ խնդիր էր գյուղի գազաֆիկացումը: Ինչ-ինչ պատճառներով մինչ այժմ Շահումյանը գազաֆիկացված չի եղել, փառք Աստծո` այդ հարցը նույնպես լուծվեց և բնակչությանը տրվեց հնարավորություն օգտվելու կապույտ վառելիքից: Հետո առաջ եկավ մեկ այլ խնդիր, որը՝ երկրի ողջ մասշտաբով է առկա: Տների սխալ գրանցման հետևանքով, մարդիկ չէին կարողանում օգտագործել արդեն դարպասների մոտ հասցված գազը: Վրաստանի կառավարության, իսկ մասնավորապես՝ Արդարադատության նախարարության միջամտության արդյունքում, գրանցման գործընթացը բավականին հեշտացվել է: Այժմ երկու հարևանի հաստատմամբ` մեր կողմից տրվում է ծանուցում, որի հիման վրա արդեն կարող են գրանցվել և օգտվել գազից: Կարծում եմ` մինչև տարեվերջ բնակչության մեծամասնությունն արդեն կարող է օգտվել բնական գազից:
Բնական գազի և ջրի խնդրի լուծման ընթացքում էլ ավելի վնասվեցին առանց այդ էլ վատ վիճակում գտնվող ճանապարհները: Ինչպես գիտեք, հերթականությունը այդ գործընթացների այսպիսին է. Նախ՝ ջրի և գազի խողովակներն են տեղադրվում, այնուհետև միայն ասֆալտապատումն է իրականացվում: Ես շարունակական կապի մեջ եմ եղել Ճանապարհային վարչության աշխատակիցների հետ, և բացի շնորհակալանքի խոսքից ուրիշ ոչինչ չեմ կարող ասել նրանց: Նրանք ինձ տեղեկացրին, որ անհնար է այսքան կարճ ժամանակում լուծել բոլոր խնդիրները, ասֆալտապատման համար ժամանակ է հարկավոր: Ճանապարհային վարչությունը տեղեկացրեց, որ Շահումյանի ճանապարհները հիմնանորոգվելու են 2017 թվականի ընթացքում: Բնակչության մի մասը դա չընդունեց: Ես հանդիպել եմ նրանց հետ, հարցնում էի. «Ո՞րն է ավելի նախընտրելի, փոսային վերանորոգումնե՞ր անելն ու եւս 3 տարի օգտվել կիսաքանդ ճանապարհներից, թե՝ սպասենք ևս 1 տարի և հիմնովին վերանորոգենք»: Մարդիկ
համաձայնեցին երկրորդ տարբերակին և դա է ճիշտ որոշումը, քանի որ փորձագետների գնահատմամբ` այդ ճանապարհը ենթակա չէ փոսային վերանորոգման, այն պետք է կապիտալ վերանորոգել: Ուստի այս պահին խնդրի ժամանակավոր լուծումը հետեւըալն է. շեբենի հետ հատուկ լուծույթի խառնուրդով լցնել փոսերը, որպեսզի ճանապարհները անցանելի լինեն և փոշի չառաջացնեն:
Իհարկե կկարողանայինք բարակ ասֆալտով վերանորոգել փոսերը, բայց դա մարդկանց աչքերին թոզ փչել կստացվեր, ինչը՝ մեր նպատակների մեջ չի մտնում:
Զուգահեռաբար կառուցեցինք նաև փոքրիկ զբոսայգի: Փոքրիշատե վերանորոգեցինք մանկապարտեզը: Հիմա ընթանում են մարզադաշտի կառուցման աշխատանքներ»:
Մեզ հետ Հանդիպումից հետո շրջանային ղեկավարը մեկնեց Ծերաքվի գյուղ՝ «One Caucasus» բազմազգ փառատոնի բացմանը: Ճանապարհին նա հանդիպեց գյուղի բնակիչների, խոսեց իրականացված և ապագա ծրագրերի մասին, ինչպես նաև ներակայացրեց Վրացական երազանք կուսակցության մեծամասնական թեկնածու Թամազ Նավերիանիին: