Մառնեուլիին հարակից ադրբեջանաբնակ Ղիզիլ-Աջլո գյուղում գտնվող թիվ 48 ընտրատարծաքում կրքերը բավականին թեժացել էին հոկտեմբերի 8-ի երեկոյան: Գյուղի բնակիչների կողմից քարկոծված ընտրատարածք էին ժամանել Վրաստանի Ներքին գործերի նախարարության հատուկ ծառայության ստորաբաժանումները: Ընտրատեղամասի ուղղությամբ քարեր նետելու արդյունքում վնասվել էին նաև ոստիկանության աշխատակիցներ։ Ընտրատարածքի բակում հավաքված էր հոծ բազմություն, ովքեր գոռում էին ընդիմադիր գործիչների՝ «Պետությունը ժողովրդի համար» կուսակցության մեծամասնական թեկնածու Իսրաֆիլ Բայրամովի և «Միացյալ ազգային շարժման» անդամ Ահմեդ Իմամկուլիևի անունները:
Իսրաֆիլ Բայրամովը նշեց, որ այս տեղամասի արդյունքները չեղյալ չհամարելու դեպքում մարդկանց դժվար կլինի հանգստացնել.
«Ժողովուրդը տեսավ, թե ինչպես է նույն մարդը 4 անգամ քվեարկում: «Վրացական երազանք»-ի կողմից խախտումները սկսվել էին դեռեւս առավոտյան ժամը 10-ից: Դրա համար են մարդիկ հավաքվել: Այստեղ հավաքված ենք մոտ 7 կուսակցության ներկայացուցիչներով։ Մեր դիտորդներից մի քանիսին հանձնաժողովի անդամները դուրս են արել ընտրատարածքից, որից հետո սկսել է ընդհարումները: Մենք պահանջում ենք, չեղյալ համարել այս տեղամասում քվեարկության արդյունքները, հակառակ դեպքում մարդկանց դժվար կլինի հանգստացնել»:
Ըստ Բայրամովի ընտրատարածքից հեռացված դիտորդը հրաժարվեց խոսել մեզ հետ:
«Միացյալ ազգային շարժման» մեծամասնական թեկնածու Ահմեդ Իմամկուլիևը հատուկ նշանակման ստորաբաժանման ընտրատեղամաս գալու կարիքը չի տեսնում.
«Ես ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչու են եկել հատուկ նշանակությն ստորաբաժանումները: Դրա կարիքն ընդանրապես չկար: Սա «Վրացական երազանք»-ի հերթական սխալ քայլն է: Նրանք վտանգ են տեսնում իրենց իսկ բնակչության մեջ»:
Թիվ 48 ընտրատեղամասի դիտորդ Շալվա Աբրամիշվիլին մեզ հետ զրույցում պատմեց ընտրատարածքում իրադարձությունների զարգացման մասին.
«Մենք ընտրատարածքում էինք, երբ Ահմեդ Իմամկուլիևը ժողովրդին կոչ արեց քվեարկել «Միացյալ ազգային շարժման» օգտին, իսկ հրաժարվողների հասցեին հայհոյեց: Հետո փորձեցին առեւանգել ընտրական արկղը, (Քվեատուփը): Հետո մի քանի մարդ երկրորդ անգամ եկավ քվեարկության: Ֆիզիկական ընդհարում այդտեղ էլ չի եղել: Հետո ժողովուրդը սկսեց քարկոծել ընտրատարածքը, շուրջ 5-6 ժամ մնացինք ընտրատեղքմասում, մինչև եկան ոստիկանության աշխատակիցները: Հավաքված բազմությանը ոստիկանության աշխատակիցները ընտրատեղամասից դուրս հրավիրեցին»:
Ավելի ուշ՝ Մառնեուլիում «Վրացական Երազանք»-ի մեծամասնական թեկնածու Թամազ Նավերիանիի համախոհները, իրենց աջակցությունն են ցուցաբերել Նավերիանիին՝ հավաքվելով «Վրացական երազանք»-ի գրասենյակի մոտ: Այս մասին տեղեկացնում է «Interpressnews.ge»-ն:
Թիվ 48 ընտրատարածքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը գործ է հարուցել քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի համաձայն, ինչը ենթադրում է ընտրությունների ընթացքում՝ ընտրողի ազատ կամքի դրսևորման խոչընդոտում: Վրաստանի Ներքին գործերի նախարարության տարածած հայտարարության համաձայն, «Միացյալ ազգային շարժում» և «Պետությունը ժողովրդի համար» կուսակցությունների աջակիցները փորձել են գողանալ քվեատուփը, սակայն իրավապահների իրականացրած գործողությունների արդյունքում փորձը ձախողվել է։