Պանկիսիի կիրճում հատուկ գործողության ժամանակ զոհված Թեմիրլան Մաչալիկաշվիլիի հայրը` Մալխազ Մաչալիկաշվիլին, հայտարարել է, որ Սուրբ Հարության տոներից հետո ցույցեր է կազմակերպելու:
Մաչալիկաշվիլին նշել է, որ բողոքի ակցիաներին ի զորակցություն միանալու են նաև օտարերկրացիներ։ Նրա խոսքով, չնայած խոստումներին, որդու մահվան հետաքննությունն օբյեկտիվ չի ընթանում: Մալխազ Մաչալիկաշվիլին պահանջում է պատասխանատվության ենթարկել Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Վախթանգ Գոմելաուրիին և հատուկ գործողությանը մասնակցած անձանց:
«Գիտեմ, թե ուղղափառ աշխարհի համար ինչ է նշանակում Զատկի տոնը, այդ պատճառով կսպասեմ դրանց ավարտին, այնուհետև կսկսենք ակցիաները: Պահանջն անփոփոխ է․ արդարություն ենք պահանջում: Գոմելաուրին և իր բանդան պետք է պատասխան տան: Հարցով հետաքրքրված են նաև արտասահմանում։ Ինքս պատրաստվում եմ գնալ եվրոպական երկրներ և մեր սփյուռքի հետ միասին բողոքել անարդարությունից: Հասարակության հետ ապացուցելու ենք որդուս անմեղությունը»,-հայտարարել է Մալխազ Մաչալիկաշվիլին:
Նշենք, որ Թեմիրլան Մաչալիկաշվիլին վիրավորվել է 2017 թվականի դեկտեմբերի 26-ին Պանկիսիի կիրճում իրականացրած հատուկ գործողության ժամանակ: 19-ամյա Թեմիրլանը հիվանդանոցում մահացել է 2018 թվականի հունվարի 10-ին: