
Թբիլիսիի քաղաքային դատարանը մեղավոր է ճանաչել «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության քաղխորհրդի անդամ Գիորգի Օնիանիին: Վերջինս ձերբակալվել է դատարանի դահլիճում: Կուսակցության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Օնիանին դատապարտվել է 4 տարի 6 ամիս ազատազրկման։
Գլխավոր դատախազության փոխանցմամբ՝ Թբիլիսիի գլխավոր վարչության Գլդանի-Նաձալադևիի վարչության պետի նախկին տեղակալ Գիորգի Օնիանին մեղավոր է ճանաչվել իրավասությունների չարաշահման, ծանր հանցագործությունների վերաբերյալ ապացույցների կեղծման, քաղաքական հետապնդում ու ապօրինի ձերբակալություն իրականացնելու մեջ՝ Վրաստանի քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի առաջին մասով, 369 հոդվածի 3-րդ մասով, 156 հոդվածի երկրորդ կետի «Բ» ենթակետով, 25-րդ և 147-րդ հոդվածի առաջին մասով:
Ընդդիմադիր կուսակցությունը հայտարարում է, թե Օնիանիի ձերբակալմամբ Վրաստանում ևս մեկ քաղբանտարկյալ է ավելանում: