Թբիլիսիի ավագանու նախկին պատգամավոր Ալեկո Էլիսաշվիլին համոզված է՝ «Միացյալ ազգային շարժում»-ը օգտագործում է Զազա Սարալիձեի ողբերգությունը երկրում հեղափոխություն իրականացնելու համար։
Զազա Սարալիձեն, ով բողոքի ակցիա է սկսել որդու սպանության գործով անցած շաբաթ դատարանի հրապարակած աղմկահարույց որոշումից հետո, այսօր պահանջում է նաև երկրի իշխանությունների հրաժարականը։
«Զազա Սարալիձեին ուզում եմ փրկել «Միացյալ ազգային շարժման» պատանդությունից»,- հայտարարել է Ալեկո Էլիսաշվիլին՝ ընդգծելով, որ ինքը Ռուսթավելի փողոցում է նրան տեսնելու նպատակով միայն։
«Ցավոք, նա վրանում չէ, հեռախոսն էլ անջատած է: Ցանկանում եմ նրան դուրս հանել «Միացյալ ազգային շարժման» պատանդությունից: Այս կուսակցությունը նրա ողբերգությունն օգտագործում է հեղափոխություն սկսելու համար, ինչն անթույլատրելի է․ դրանով այս ամենը փուչիկ է դառնալու: Սա անկեղծ բողոք էր, անկեղծ ցավ, որը, սակայն, օգտագործեցին»,-հայտարարել է Էլիսաշվիլին:
Էլիսաշվիլին իշխանություններին կոչ է արել գլխավոր դատախազի պաշտոնում ներկայացնել Աննա Դոլիձեի կամ Շալվա Շավգուլիձեի թեկնածությունը։ Հիշեցնենք՝ դատարանի որոշումից հետո սկսված բողոքի ակցիաների արդյունքում գլխավոր դատախազի պաշտոնից հրաժարական էր տվել Իրակլի Շոթաձեն։
Հունիսի 4-ին կառավարությունում վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ տեղի ունեցած հանդիպումից հետո սպանված դպրոցականի հայրը հայտարարել է, որ վերջնագիր է ներկայացնում մինչև հունիսի 10-ը։