«Միացյալ ազգային շարժում»-ը մեկնարկել է ստորագրահավաք՝ Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի հետապնդումը դադարեցնելու պահանջով: Ստորագրահավաք է տեղի ունեցել Թբիլիսիի «Հավլաբար» մետրոկայարանի հարակից տարածքում եւ Բուկիայի այգում:
«Հավլաբար» մետրոկայարանի հարակից տարածք է եկել նաեւ կուսակցության առաջնորդներից Խատիա Դեկանոիձեն, որի հայտարարության համաձայն, ստորագրահավաքի արշավը լայնամասշտաբ է լինելու եւ ընդգրկելու է բոլոր քաղաքներն ու շրջկենտրոնները:
«Մեր գլխավոր զինակիցն են վրաց ժողովուրդը եւ մեր համաքաղաքացիները, որոնք լավ են հասկանում, որ քաղբանտարկյալները երկրում եւ երրորդ նախագահի քաղաքական հետապնդումը՝ խանգարում են Վրաստանի ժողովրդավարական զարգացմանը։ Կարեւորն այն է, որ մեր համաքաղաքացիները հասկանում են դա»,- ասել է Դեկանոիձեն: