«Ռուսթավի 2» հեռուստաալիքի փոխտնօրեն և «Կուրիեր» ծրագրի հաղորդավար Զաալ Ուդումաշվիլին հաստատում է, որ «Միացյալ ազգային շարժումից» Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում կուսակցության անունից թեկնածությունն առաջադրելու առաջարկ է ստացել:
Ուդումաշվիլիի խոսքերով՝ առաջարկի վերաբերյալ որոշում դեռ չի ընդունել և ժամանակ է խնդրել որոշում կայացնելու համար: Ուդումաշվիլին Կիևում հանդիպել է կուսակցության առաջնորդներին, այդ թվում՝ Միխեիլ Սաակաշվիլիին:
«Ցավոք, այս պահին ոչինչ չեմ կարող ասել: Հաստատում եմ, որ «ՄԱՇ»-ի կողմից քաղաքապետի թեկնածություն առաջադրելու առաջարկ եմ ստացել, որոշումը, ամենայն հավանականությամբ, կընդունեմ առաջիկա օրերի ընթացքում»,- լրագրողների հետ զրույցում նշել է Զաալ Ուդումաշվիլին: