Մայիսի 30-ի վրաստանյան մամուլի ուշադրություն կենտրոնում Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի օրերս հրապարակած բաց նամակն էր:
Իվանիշվիլին իր նամակում ասել է, որ ներկա վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին տարբերվում է իր պարկեշտությամբ և աշխատասիրությամբ: Նա նաև տեղեկացրել է, որ նախընտրական այս շրջանում իր նամակը «իրադարձությունների վերլուծություն է, թե ինչու քաղաքացիները կրկին աջակցեն «Վրացական երազանքին» ու նրա ղեկավար Գիորգի Կվիրիկաշվիլիին, ով տարբերվում է իր պարկեշտությամբ, գիտելիքներով և աշխատասիրությամբ. «Նա այն եվրոպական ոճի, հավասարակշռված և սկզբունքային առաջնորդն է, ում կարիքն զգում է Վրաստանը»,-ասված է Իվանիշվիլիի բաց նամակում:
Իվանիշվիլին անդրադրձել է նաև արատաքին քաղաքական հարցերին` մասնավորապես նշելով, որ Վրաստանի արևմտամետ քաղաքականությունը չի նշանակում, որ չպետք է հարգանքով վերաբերվել հարևանններին ու հաշվի չառնել նրանց շահերը: «Ընդհակառակը, մենք կանենք ամեն ինչ, առանց Վրաստանի շահերը վնասելու` կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Բացի այդ, պետք է խորացնենք ու ամրապնդենք կապերը կարևոր գործընկերների՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի հետ», -գրել է Իվանիշվիլին` անդրադառնալով նաև Իրանի հետ հարաբերություններին:
«Իրանի հետ հետաքրքիր հարաբերություններ ենք սկսում: Վրաստանը նաև ակտիվորեն ներգրավված է տնտեսական և քաղաքական մեծ ներուժ ունեցող` «Մետաքսի Ճանապարհ» ծրագրում: Օրեր առաջ ստորագրվեց մի փաստաթուղթ, որի համաձայն Գերմանական երկաթուղին Վրաստանի տարածքով կմիանա Չինաստանին»,-հայտարարել է Իվանիշվիլին:
Վրաստանի իշխող կուսակցության` «Վրացական երազանքի» հիմնադիրն իր նամակում անդրադարձել է նաև երկրում տիրող քաղաքական և տնտեսական այլ հարցերին` նշելով որ ամեն ինչ կանի, որպեսզի Սահակաշվիլիի թիմը չկարողանա «ժամանակը հետ պտտել» և իշխանության գալ: Տեղեկացնում է «Kvira.ge»-ն:
«Kvira.ge»-ն մեկ այլ հորդվածում տեղեկացնում է, որ Վրաստանի տեղահանվածների և փախստականների վերաբնակեցման հարցերով նախարար Սոզար Սուբարին Իվանիշվիլիի բաց նամակը բարձր է գնահատել ու նշել, որ այն իր մեջ մի շարք կարևոր ուղերձներ է պարունակում: Սուբարիի խոսքով` այսօր` նախընտրական շրջանում, կարևոր է հետ նայել և գնահատել իշխանությունների անցած ճանապարհը` նաև հասկանալու համար, թե ինչպես աշխատել առաջիկայում:
Միևնույն պարբերականի փոխանցմամբ` Վրաստանի Ազգային անվտանգության խորհուրդը, ինչպես հայտարարել է խորհրդի քարտուղար Իրինա Իմերիշվիլին, նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին առաջարկել է ավելացնել վրաց զինվորականնների թիվը Կենտրոնական Աֆրիկայում: Անվտանգության խորհրդի քարտուղարը հույս է հայտնել, որ Վրաստանի խորհրդարանը կընդունի նախագահի և անվտանգության խորհդի առաջարկությունը:
«Interpressnews»-ը գրում է, որ Վրաստանի Սամցխե-Ջավախեթի շրջանի անօթևան և սոցիալապես անապահով երեխաները անվճար հագուստ և գրենական պիտույքներ կստանան: Վրաստանի Սպորտի և երիտասարդության նախարարության «հագցնենք համաքաղաքացիներին» և «Գիրք յուրաքանչյուր գյուղին» սոցիալական ծրագրի շրջանակներում մի քանի ավտոբուս արդեն ուղևորվել է Սամցխե- Ջավախեթի: Անօթևան և սոցիալապես անապահով երեխանների համար հավաքագրվել է շուրջ 3000 անուն գիրք և հագուստ: Նախարարությունից տեղեկացրել են, որ վերոնշյալ ծրագրերը գործում են այս տարվա մայիսից և կշարունակվեն առաջիկա 5 ամիսներին ևս:
«Netgazeti.ge»-ն ընթերցողի ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ անկախ Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ Վրաստանի նախագահը հյուրընկալում է Սլովակիայի նախագահին: Անդրեյ Կիսկայի դիմավորման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել նախագահական նստավայրում: Միջոցառմանը մասնակցել են Վրաստանում հավատարմագրված դեսպաններ, Կառավարության և նախագահի աշխատակազմի անդամներ և այլն: Թերթը տեղեկացնում է, որ Վրաստանի նախագահը Սլովակիայի իր գործընկերոջը տեղեկացրել է Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքներում տիրող իրավիճակի, մասնավորապես Ցխինվալիի շրջանում մարդու իրավունքների խախտման փաստերի վերաբերյալ: Գիորգի Մարգվելաշվիլին իր երախտագիտությունն է հայտնել Անդրեյ Կիսկային` Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման գործընթացների աջակցության, երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչման համար: Սլովակիայի նախագահի պաշտոնական այցը Վրաստան կավարտվի հունիսի 2-ին: