Մարնեուլիի մեծամասնական պատգամավորի վերաբերյալ հրապարակված նյութերի պատճառով համայնքային ռադիոյի լրագրողների նկատմամբ ճնշումներ են իրականացվում։
Այս մասին հայտարարել է Մարնեուլիի համայնքային ռադիոյի տնօրեն Կամիլա Մամեդովան՝ տեղեկացնելով, որ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու հարցով դիմել են իրավապահներին:
«Երկար ժամանակ է, որ մեր առկայությունը դուրը չի գալիս շատերին, քանի որ այնպիսի նյութեր չենք հրապարակում, որոնց սովոր է Մարնեուլին: Համայնքային ռադիոյի համար բնակչության տեղեկացվածությունն առաջնահերթություն է, որը և մենք փորձում ենք իրականացնել: Վստահ եմ, որ սա մեծամասնական պատգամավորներների ձեռքի գործն է։ Մեր դեմ ճնշումների արշավ է սկսվել, որովհետև մենք չենք ծափահարում․․․»,- Netgazeti-ի հետ զրույցում հայտարարել է Մամեդովան:
Վերջինիս խոսքով, վկայակոչելով ռադիոյի հրապարակումները, շատերը հրաժարվում են հարցազրույցներ ու մեկնաբանություններ տալ։ Մամեդովան գտնում է, որ ռադիոյի աշխատակիցների նկատմամբ ճնշումները սկսվել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ շրջանից ընտրված պատգամավորների կարծիքները հրապարակելուց հետո:
«Ես զանգահարեցի Սալաման Միրզոևին՝ խնդրելով մեկնաբանել խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստի ընթացքում Աֆգան Մուխթարլիի առևանգման կապակցությամբ լրագրողների կազմակերպած ակցիան։ Նա ասաց, որ ռադիոյի լրագրողներից մեկի հրապարակած հոդվածի առընչությամբ բողոքներ ունի։ Ցինիզմ որակեց հոդվածը՝ նշելով, թե ճշմարտությանը չի համապատասխանում: Ես պատասխանեցի, որ եթե նկատառումներ ունի, պետք է նախապես այդ մասին տեղեկացներ՝ ներկայացնելով հակափաստարկ․․․»,- ասում է Մամեդովան:
Գարդաբանիի մեծամասնական պատգամավոր Սալաման Միրզոևը հաստատել է, որ Մամեդովայի հետ հիշյալ հարցով հեռախոսազրույց է ունեցել:
«Գրել են, որ չնայած նրան, որ Սավալան Միրզոևը Գարդաբանիից ընտրված մեծամասնական պատգամավոր է, սակայն, ակտիվություն է ցուցաբարում Մարնեուլիում: Ես հարցրի` ինչ հիմքով են նման բան գրել: Պատասխանեց՝ Գամգեոբայի տարածած լուսանկարներից ելնելով: Խնդրեցի ինձ ուղարկել այդ նյութերը: Դրանից հետո չենք շփվել»,- հայտարարել է պատգամավորը:
Լրատվամիջոցի հետ հարաբերություններն էլ ավելի են սրվել, երբ Մարնեուլիի ռադիոն հրապարակել է վեջերս Քութլարի գյուղում տեղի ունեցած վիճաբանության տեսաձայնագրությունը։ Հիշեցնենք՝ դրանում Գամգեոբայի աշխատակիցներից մեկը հայհոյել է մեկ այլ գյուղի բնակչի։
«Վիճաբանությանը միացավ Քվեմո Քարթլիի մարզպետի օգնականը, «Եվրոպական Վրաստան» կուսակցության ներկայացուցիչ Ակմամեդ Իմամկուլիևը։ Այդ ամենը մենք նկարահանեցինք: Քվեմո Քարթլիի մարզպետի օգնականը խնդրեց չհրապարակել տեսանյութը, սակայն մենք հրապարակեցինք: Կարծում եմ՝ նա չէր ցանկանում հրապարակենք, քանի որ Իմամկուլիևը հնարավորություն չէր տալիս իրեն դիմել բնակչությանը: Ուղղակի իմիջի հարց էր»,- ասում է Մամեդովան:
Քվեմո Քարթլիում առանց մրցույթի Վրաստանի քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարարի ներկայացուցիչ նշանակելու փաստի առընչությամբ հովածը ևս զայրացրել է ինչ-որ մեկին: Նյութը հրապարակվելուց հետո Facebook-ում կեղծ էջ է բացվել, որտեղ տեղադրվել են Մամեդովայի լուսանկարները՝ վիրավորական մեկնաբանություններով ու ռադիոյից հեռացնելու սպառնալիքներով:
Լրագրողների նկատմամբ իրականացվող ճնշման դեպքերի մասին հայտարարություն է տարածել նաև «Լրագրողական էթիկայի խարտիա» կազմակերպությունը: Վերջինս կոչ է արել հետաքննել լրագրողների հանդեպ բռնությունները: