
Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպան Ուչա Նանուաշվիլիի հայտարարության համաձայն՝ Թբիլիսիի քաղաքապետարանի մոտ տեղի ունեցած ընդդիմության ցույցի ժամանակ ձերբակալվածների մոտ վնասվածքներ են նկատվում:
«Իմ ներկայացուցիչներն այցելել են ձերբակալվածներին: Նրանք մարմնական վնասվածքներ ունեն, չնայած, բժիշկը դրանք լուրջ չի համարել: Մենք փաստաթղթեր ենք պահանջել, սակայն այն փաստը, որ նրանցից մեկին ֆիքսատոր է անհրաժեշտ եղել, որը պետք է 10 օր կրի, ապացուցում է, որ վնասվածքները հասցվել են ձերբակալման պահին: Այս փաստը պետք է ուսումնասիրեն համապատասխան գերատեսչությունները, ինչին մենք ուշադիր կհետևենք»,- հայտարարել է Նանուաշվիլին:
Հիշեցնենք, որ երեկ Թբիլիսիի քաղաքապետարանի մոտ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» կողմից կազմակերպված ցույցի ժամանակ 6 մասնակից բերման է ենթարկվել: