ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Սամանթա Փաուերը կոշտ քննադատության է արժանացրել Բաշար Ասադի ռեժիմը Սիրիայում, Ռուսաստանին և Իրանին՝ Հալեպում տիրող իրավիճակի համար՝ փոխանցում է ուկրաինական LB.ua -ն: Դեկտեմբերի 13-ին տեղի է ունեցել ՄԱԿ-ի անվտանգության արտահերթ նիստը, որի ընթացքում Փաուերը սիրիական բանակի կողմից քաղաքի գրավումը, որին աջակցում են նաև Ռուսաստանը և Իրանը, համեմատել է ցեղասպանության հետ․«Ասադի ռեժիմը, Ռուսաստանը և Իրանը ձեր ուժերն են, և միջորդները կատարում են այդ հանցագործությունները։ Ձեր նռնակները, ականները, օդային հարվածները թույլ տվեցին ասադամետ խմբավորումներին ծուղակի մեջ գցել հազարավոր խաղաղ բնակիչների։ Դուք պետք է ամաչեք, բայց ինչպես երևում է՝ դա ձեզ միայն ուժ է տալիս, և դուք ծրագրում եք հաջորդ հարձակողական գործողությունը: Ձեզ ընդհանրապես ծանոթ չէ՞ ամոթի զգացումը: Երբ սպանում են երեխային, երբ գնդակահարում են մարդուն, դուք չե՞ք վախենում»:
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինն ի պատասխան ասել է, թե Փաուերն իրեն այնպես է պահում, կածես ինքը մայր Թերեզան է։ Նա խորհուրդ է տվել Սիրիայում կատարվող իրադարձությունների ողջ պատասխանատվությունը չգցել սիրիական կառավարության և Ռուսաստանի վրա: Չուրկինը նաև ասել է, որ սիրիացի ապստամբները համաձայնել են լքել արևելյան Հալեպը: Ըստ ռուսական զինուժի՝ Հալեպի տարածքի 98 %-ը վերահսկվում է սիրիական կառավարական ուժերի կողմից: