Հունիսի 6-ի վրաստանյան մամուլի տեսություն

«Kvira.ge»-ի փոխանցմամբ` «Քարթու գրուպի» հասարակայնության  հետ կապերի վարպության պետ Գիորգի Ուձիալուրին տեղեկացրել է, որ  Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հունիսի 7-ին կհանդիպի Վրաստանի հանրային հեռառադիոընկերության լրագրողների հետ:

Իսկ  հունիսի 14-ին Իվանիշվիլին կհանդիպի նաև տպագիր և առցանղ  ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ: Վրաստանի նախկին վարչապետը շրջաններ այցերի ընթացքում էլ կհանդիպի տարածաշրջանային լրատվամիջոցների ներկայացուցիչներին:

«Interpressnews»-ը գրում է,  որ Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ է ընտրվել Վլադմիր Աչբան, որին կողմ է  քվեարկել հանձնաժողովի անդամների մեծամասնությունը: Հիշեցնենք, նա այդ պաշտոնում առաջադրված  միակ թեկնածուն էր:  Աչբան փոխարինել է Անի Միրոտաձեին, ով իր պաշտոնը թողել էր «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքելու և «Ազգային ֆորումին»  միանալու պատճառով:

«Netgazeti.ge»-ն  տեղեկացնում է՝ Վրաստանի խորհրդարանի անդամ Թամազ Մեճիաուրին ներկայացրել է իր նոր կուսակցությունը: Մեճիաուրին դուրս գալով «Վրացական Երազանքից»` հիմնել է «Թամազ Մեճիաուրին՝ Միասնական Վրաստանի համար» կուսակցությունը:

«Kvira.ge»-ի փոխանցմամբ`   Վրաստանի վարչապետի Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերում հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ Ռուսաստանը ազատ է արձակել լրտեսության մեջ մեղադրվող Վրաստանի` ևս 3 քաղաքացու: Ի թիվս այլ հարցերի, Վրաստանի քաղաքացիների ազատ արձակելու հարցը կքննարկվի վրաց-ռուսական երկխոսության շրջանակներում: Աբաշիձեն նշել է, որ ազատ արձակվածներն  արդեն տանն են: Վարչապետի ներկայացուցիչը, սակայն չի հայտնել նրանց անունները:
«2014 թվականին մենք ազատ ենք արձակել 3 անձանց: Մի քանի օր  առաջ ռուսական կողմը ազատ է արձակել ևս 3 Վրաստանի քաղաքացու, ովքեր արդեն տուն են վերադարձել: Այս գործում մեծ  դերակատարություն է ունեցել նաև Վրաստանի արտաքին գործերի նախարարության համապատասխան գերատեսչությունը: Հունիս ամսվա ընթացքում հավանաբար ազատ կարձակվի ևս մեկ Վրաստանի քաղաքացի:  «Հույս ունեմ, որ այս թեման մոտ ապագայում վերջնականապես  կփակվի»,-հայտարարել է Աբաշիձեն: Նրա խոսքով, այս հարցերի շուրջ քննարկում տեղի կունենա  Պրահայի հանդիպումից հետո: Ինչպես նշել է Աբաշիձեն, այս պահին Ռուսաստանում լրտեսության մեջ մեղադրանքով Ռուսաստանում ձերբակալված են ևս մի քանի Վրաստանի քաղաքացիներ: Ռուսաստանը ընդհանուր առմամբ ազատ է արձակել լրտեսության մեջ մեղադրվող Վրաստանի  6 քաղաքացու:

«Netgazeti.ge»-ի փոխանցմամբ`   պլանշետներ  և սմարթֆոններ արտադրող հայկական առաջին Technology and Science Dynamics (TSD)  կազմակերպությունը վաճառքի է հանել  հայկական արտադրության  ArmPhone սմարթֆոններ: Արտադրանքը հայկական շուկայում է հայտնվել հունիսի 6-ին: «Ռիա-Նովոստի»-ի փոխանցմամբ վաճառքի է հանվել ArmPhone-ի 5 մոդել՝ ArmPhone 0502, ArmPhone 0505, ArmPhone 0508, ArmPhone 0509 և ArmPhone 0520: Դրանցից  յուրաքանչյուրն  ունի 32 գիգաբայթ հիշողություն և Android 5.1 և Android 6-ի օպերացիոն համակարգ:  Ընկերության տնօրեն Վահան Շաքարյանի խոսքով` սարքավորումների ծրագրային և սարքային  ապահովման դիզայնն իրականացվում է  Հայաստանում, իսկ վերջնական հավաքումը` ԱՄՆ-ում և Հոնկոնգում:  Շաքարյանի խոսքով` արտադրանքի որակը ոչնչով չի զիջում համաշխարհային հայտնի   ապրանքանիշներին, սակայն գինը համեմատաբար ցածր է:

«Ռոսթավի 2» հեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ  գերմանական «BILD» լրատվականը հոդված է հրապարակել` «Գերմանիան հրաժարվում է վիզայի ազատականացում տրամադրել Վրաստանին» վերնագրով: Լրատվականի փոխանցմամբ`  Գերմանիայում գնալով ավելի շատ են ձերբակալվում  թալանով զբաղվող վրացական խմբերի ներկայացուցիչներ, սակայն այնուամենայնիվ Եվրամիությունը Վրաստանին վիզայի ազատականեցում է առաջարկում:
Գերմանացի փորձագետները հոդվածում ասել են, թե ապաստան հայցող վրաստանցիներն ավելի շատ հանցավոր գործունեություն են ծավալում,  քան այլ օտարերկրացիներ:  Գերմանիայի Քրիստիոնեա-դեմոկրատների  և Քրրիստիոնե- սոցիալիստներ միության ներկայացուցիչները հայտարարել են, որ Եվրամիության կողմից Վրաստանին վիզայի ազատականացում  առաջարկելը մտածելու տեղիք   է  տալիս: Պատճառը  վրացիների շրջանում հանցագործության բարձր մակարդակն է:  Հոդվածում մեջբերվում է նաև, որ վրացական «մաֆիան» կապված է բազմաթիվ հանցագործությունների հետ:

«Kvira.ge»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն հանդիպել է Վրաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Յան Կելիին: Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն` հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր,  այդ թվում  նաև հունիսի 7-10 Վրաստանի արտաքին գործերի նախարարության այցը Վաշինգտոն, ԱՄՆ-ի և Վրաստանի ռազմավարական գործընկերության շրջանակներում համագործակցության ուղղությունները և այլ հարցեր:  Հանդիպումը տեղի է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարարության գլխավոր մասնաշենքում:

 

Թողնել պատասխան